Jump to content

ՀՍՀ/ԼԻԲԵՐԱԼԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻԲԵՐԱԼԻԶՄ (լատ. liberalis—ագատ), բուրժուական գաղափարախոսական և հասարակական-քաղաքական հոսանք, միավորում է բուրժուական պառլամենտական կարգի, բուրժուական ազատությունների, կապիտալիստական ձեռնարկատիրության ազատության կողմնակիցներին: Լ. ձևավորվել է ֆեոդալիզմի դեմ բուրժուազիայի և բուրժուականացող ազնվականության մղած պայքարում և արտահայտել առաջադիմության, ազատության, հավասարության, բանականության ուժի ջատագովման գաղափարները: Լ-ի հոգևոր հայրերն էին լուսավորականության չափավոր թևի ներկայացուցիչները (Ջ. Լոկ, Շ. Մոնտեսքյո, Ֆ. Վոլտեր, ֆիզիոկրատներ), բուրժ. դասական քաղաքատնտեսության հիմնադիրները (Ա. Սմիթ, Դ. Ռիկարդո): XIX դ. սկգբին Արևմտյան Եվրոպայում Լ. դարձավ հասարակական-քաղաքական հատուկ հոսանք: Սկսեց գործածվել «Լ.» տերմինը: Բ. Կոնստանը, Ֆ. Գիգոն և այլք Լ-ին տվել են քաղ. և պատմափիլիսոփայական դոկտրինայի բնույթ, որը արտահայտել է տիրապետող բուրժուազիայի շահերը և ձգտումները: XIX դ. 1-ին կեսին Լ. հատկապես զարգացել է Մեծ Բրիտանիայում (Ի. Բենթամ, Ֆ. Փլեյս, Ջ. Ս. Միլ)՝ վերածվելով բուրժ. տիրապետող գաղափարախոսության: XIX դ. 30-ական թթ., երբ ուժեղացել է բուրժուազիայի և բանվոր դասակարգի հակամարտությունը, բուրժ. լիբերալ բարեփոխումներն ավարտվել են միապետականների հետ փոխգիջմամբ: Բանվորական շարժումների աշխուժացմանը զուգընթաց խորացել է Լ-ի և լիբերալ բուրժուազիայի գործողությունների հակադեմոկրատական, հակահեղափոխական բնույթը: XIX դ. 2-րդ կեսին—XX դ. սկզբին Լ. առաջացել է Արևելքում (Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Թուրքիա) և միշտ եղել է հակադեմոկրատական, ժող. շարժումներին թշնամի: Ռուսաստանում որպես քաղ. հոսանք Լ. ձևավորվել է XVIII դ. Վերջին-XIX դ. 1-ին կեսին, և, ի տարբերություն արևմտաեվրոպական Լ-ի, քաղ. պահանջներում դրսևորել է ավելի չափավորություն և հանդուրժողականություն: Ռուսաստանում՝ 1905-07-ից մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Լ. խուսանավում էր ցարիզմի և հեղափոխական ժողովրդի միջև՝ փորձելով շրջել հեղափոխության զարգացումը սահմանադրական ուղու: Այդպիսով նրանք կորցնում էին իրենց հարաբերական առաջադիմությունը՝ պայքարելով հեղափոխական շարժումների դեմ: Լ-ի դեմ պայքարը բոլշևիկները համարել են իրենց հիմնական խնդիրներից մեկը: Վ. Ի. Լենինը տվել է Լ-ի գիտական վերլուծությունը, բացահայտել նրա հետադիմական էությունը: Բանվոր դասակարգի քաղ. ազդեցության աճի հետևանքով Լ. իր ֆունկցիան փոխանցել է սոցիալ-դեֆորմիզմին: Առաջին համաշխարհային պատերազմից և հատկապես, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Լ-ի ճգնաժամը սրվել և խորացել է. Լ-ի հիման վրա առաջացել են հասարակության զարգացման «երրորդ աղու» տարբեր տեսակետներ, որոնցով մասնավոր սեփականության հիման վրա իբր պետք է ապահովվեր անհատի և հասարակության շահերի ներդաշնակությունը, «ազատությունը» և «կարգը»: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԳՖՀ-ում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում քեյնսականության հետ տարածում է գտնում նեոլիբերալիզմը, որը, զարգացնելով Լ-ի ավանդույթները, փորձում է հարմարվել մոնոպոլիստական կապիտալիզմի արդի պայմաններին: Լիբերալ-բուրժուական հոսանքը հայ իրականության մեջ ձևավորվել է XIX դ. 50—60-ական թթ.: Հայ լիբերալները հանդես էին գալիս կղերաֆեոդալական հոսանքի դեմ՝ հայ հասարակական կյանքի բուրժուականացման նշանաբանով, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու, եվրոպական առաջադիմական աղու վրա դնելու համար: Նրանք կողմնակից էին հայ ժողովրդի ազգային ազատագրությանն ու առաջադիմությանը, բայց ոչ թե հեղափոխությամբ, այլ բարեփոխումներով: Մեծ տեղ էին տալիս նաև ազգային լուսավորության, դպրոցի, լեզվի, գրականության ու գիտության զարգացմանը: Լ-ի աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Մ. Նազարյանը, Ն. Ռուսինյանը, Գ. Արծրունին, Գ. Օտյանը և ուրիշներ: