Jump to content

ՀՍՀ/ԼԻԲԵՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻԲԵՐԻԱ (Liberia), Լիբերիայի Հանրապետություն (Republic of Liberia), պետություն Արևմտյան Աֆրիկայում: Սահմանակից է Սիեռա Լեռնեին, Գվինեական Հանրապետությանը, Փղոսկրի Ափին: Արմ-ից և հվ-ից ողողվում է Ատլանտյան օվկիանոսով: Տարածությունը 111,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1,6 մլն (1975): Մայրաքաղաքը՝ Մոնրովիա: Վարչականորեն բաժանվում է 9 կոմսության և 5 տերիտորիայի: Պետական կարգը: Լ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1847-ին, փոփոխությունների ենթարկվել՝ 1955-ին: Օրենսդրական իշխանության մարմինը երկպալատ պառլամենտն է՝ օրենսդրական ժողովը (ներկայացուցիչների պալատ և սենատ), կառավարությունը՝ պրեզիդենտին կից խորհրդակցական ֆունկցիաներով գործող մինիստրների կաբինետը: Ընտրություններին մասնակցում են 18 տարեկան դարձած քաղաքացիները: Կոմսությունները գլխավորում են ոստիկանապետները (պրեֆեկտ), մյուս վայրերում՝ կոմիսարներն ու ցեղերի առաջնորդները: Լ-ի դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, օկրուգային, մունիցիպալ և հատուկ դատարանները: Բնությունը: Լ-ի տերիտորիան ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ափով՝ մոտ 500 կմ երկարությամբ: Ափամերձ շրջանները հարթ են, թույլ կտրտված, տեղ-տեղ ճահճապատ, շատ են ծովալճակները: Երկրի խորքում հարթավայրը վերածվում է բլրավոր մակերևույթի (400—600 մ), ապա փոխակերպվում Լեռնա Լիբերական բարձրության, կդզիանման առանձին լեռնագագաթներով (ամենաբարձրը Նիմբա լեռն է, 1752 մ): Կան երկաթի, ոսկու, ալմաստի հանքավայրեր: Կլիման հասարակածային է, շոգ և խոնավ: Միջին ամսական ջերմաստիճանը չի իջնում 28°C-ից: Տարեկան տեղումները երկրի խորքում 1500—2000 մմ են, ծովափին՝ մինչև 5000 մմ: Գետային ցանցը խիտ է, գետերը (Մանո, Լոֆա, Սենտ Պոլ, Սենտ Ջոն ևն) կարճ են, ջրառատ: Նավարկելի է միայն Սենտ Պոլը ստորին հոսանքում: Տողերը լատերիտային են: Տարածության մոտ 1 3-ը ծածկված է թանկարժեք ծառատեսակների (կարմիր ծառ, պալիսանդր, հեվեյա ևն) հասարակածային մշտականաչ անտառներով: Հս-ում բարձրախոտային սավաննաներ են՝ հովանոցաձև ակացիաներով ու բարբաբներով: Ծովափին մանգրովային բուսածածկույթ է: Հարուստ է կենդանական աշխարհը: Սավաննաներում հանդիպում են գոմեշ, այծքաղ, ընձառյուծ, վայրի խոզ, անտառներում՝ կապիկներ: Շատ են թռչուններն ու միջատները: Նիմբայի շրջանում կա արգելոց: Բնակչությունը: Մեծ մասը պատկանում է մանդե, գվինեական և արմ. բանտոիդ լեզվախմբերին: Կան նաև ամերիկյան ազատագրված նեգրերի հետևորդներ, որոնք առաջատար դիրք ունեն երկրի քաղ. և տնտ. կյանքում: Պաշտոնական լեզուն անգլերենն է: Միջին խտությունը 1 կմ² վրա 14 մարդ է: Նշանավոր քաղաքներն են Մոնրովիան, Մարշալը, Բյուքենենը, Հարպերը, Գանտան: Պատմական ակնարկ: Լ-ի ժողովուրդների վաղ շրջանի պատմությունը վատ է ուսումնասիրված: XIX դ. 2-րդ կեսին, երբ Լ-ի տարածքի առափնյա մասերում երևացին եվրոպացիները, բնիկները դեռևս վարում էին բնատնտեսություն: 1821-ին ԱՄՆ-ի նեգրերի մի խումբ տեղական առաջնորդներից գնեց Փրովիդենս կղզին և նրա դիմաց գտնվող մայր ցամաքի հատվածը: Այդ տարածքում հիմնվեց ԱՄՆ-ում ազատագրված նեգրերի բնակավայր Մոնրովիա անունով (ի պատիվ ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջ. Մոնրոյի), իսկ ամբողջ գաղութը կոչվեց Լիբերիա (լատ. liber ազատ բառից): 1834—36-ին առաջացան նոր բնակավայրեր, որոնք միմյանցից անկախ էին: 1839-ին Լ-ի բնակավայրերը միավորվեցին ֆեդերալ սկզբունքներով: 1847-ի հուլիսի 26-ին հռչակվեց Լ-ի Հանրապետությունը: Ներգաղթողները, որոնք իրենց անվանում էին ամերիկանա-լիբերիացիներ, տիրապետող դիրք գրավեցին պետ., վարչական մարմիններում և տնտեսության մեջ: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան XIX դ. 2-րդ կեսից փորձեցին անեքսիայի ենթարկել Լ.: 1911-ին Լ. հասավ նրան, որ այդ երկրները ճանաչեցին իր սահմանները: Ներգաղթածների և բնիկների միջև պայքարը և եվրոպական երկրների ագրեսիան ծանրացրին երկրի ֆինանսական դրությունը: Լ. ստիպված դիմեց արտաքին փոխառությունների: 1918-ին Լ. Անտանտի կազմում ձևականորեն մասնակցեց առաջին համաշխարհային պատերազմին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939—45) Լ. պաշտոնապես միացավ (1944) հակաֆաշիստական դաշնակցությանը: ԱՄՆ-ը Լ-ում կառուցեց ռազմ, բազաներ: 1944-ին Լ-ի պրեզիդենտ (մինչև 1971-ը) Ու. Շ. Տաբմենը հռչակեց «միավորման քաղաքականություն», որի նպատակն էր բնիկների և ներգաղթածների սերունդների միջև անհավասարության վերացումը: 1945-ին բնիկները (տղամարդիկ) ընտրելու իրավունք ստացան, որը սահմանափակված էր գույքային ցենզով: Սակայն միջէթնիկական հակասությունները լրիվ չհաղթահարվեցին: Ետպատերազմյան տարիներին ուժեղացավ ազգային բուրժուազիայի և բանվոր դասակարգի ձևավորման ընթացքը: 1959-ին Լ. ԱՄՆ-ի հետ կնքեց ռազմ, պայմանագիր՝ «Լ-ի դեմ ագրեսիայի կամ ագրեսիայի սպառնալիքի դեպքում» կոնսուլտացիաների վերաբերյալ: Լ. Աֆրիկայի միասնության կազմակերպության գործուն անդամներից է: Դատապարտում է ռասիզմը ՀԱՀ-ում, Հարավային Ռոդեզիայում: 1971-ի հուլիսին պրեզիդենտ դարձավ Ու. Տոլբերտը: 1972-ին դեսպանություններ փոխանակվեցին ՍՍՀՄ-ի և Լ-ի միջև: 1973—74-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին սոցիալիստական մի շարք երկրների հետ: Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, ճշմարիտ վիգերի կուսակցություն, հիմնվել է 1869-ին, արտահայտում է ազգային բուրժուազիայի և ցեղերի առաջնորդների շահերը: Երկրի միակ (1878-ից կառավարող) կուսակցությունն է: Լ-ում գործում են 3 արհմիութենական միավորումներ. Արտադրական արհմիությունների կոնգրես և Լ-ի Աշխատանքի կոնգրես, հիմնադրվել են 1960-ին: Տնտեսա-աշխարհագրական ակնարկ: Թույլ զարգացած երկիր է: Տնտեսության մեջ գերիշխում է օտարերկրյա կապիտալը: Տնտեսության առաջատար ճյուղերն են բնական կաուչուկի արտադրությունը և երկաթի հանքաքարի հանույթը (I տեղը Աֆրիկայում): Գյուղատնտեսությանը բնորոշ են համայնական հողօգտագործումն ու խոշոր հողատիրությունը: Լավագույն հողերը պատկանում են օտարերկրացիներին: Մշակում են հեվեյա, մանիոկ, բատատ, բրինձ, յուղատու արմավ, կակաո, սուրճ: Անասնապահությամբ զբաղվում են հս-արլ. սավաննաներում: Արդյունաբերության գլխավոր ճյուղը լեռնահանքային արդյունահանությունն է, հատկապես երկաթի հանքաքարի արդյունահանությունը (Բոմի Խիլսի, Բոնգի, Մանո գետի հովտի, Նիմբա լեռան շրջաններում): Արդյունահանում են նաև ալմաստ (գլխավորապես Լոֆա գետի ավազանում), ոսկի (Լոֆա, Սինո գետերի և Զորգորի շրջաններում): Կան նավթավերամշակման, ցեմենտի, անտառասղոցման, ոչ ալկոհոլային խմիչքների, արմավի յուղի, հագուստի, կոշիկի ոչ խոշոր ձեռնարկություններ: Զարգացած են արհեստները: Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 500 կմ է, ավտոճանապարհներինը՝ մոտ 8 հզ.: Երկաթուղային տրանսպորտն օգտագործվում է միայն երկաթի հանքաքարի տեղափոխման համար: Երկրում սահմանված ցածր հարկերի (կապիտալիստական մյուս երկրների հետ համեմատած) շնորհիվ Լ. համաշխարհային նավագնացության մեջ գրավում է առանձնահատուկ տեղ, թեպետ չունի սեփական նավեր: Լ-ի դրոշով նավարկում են բազմաթիվ օտարերկրյա նավեր: Խոշոր նավահանգիստներն են Մոնրովիան, Բյուքենենը, Մարշալը, Հարպերը: Միջազգային օդանավակայաններ կան Ռոբերտս-ֆիլդում և Սպրիգս Պիսում (Մոնրովիա): Արտաքին առևտուրը: Արտահանում է երկաթի հանքաքար, կաուչուկ, ալմաստ, սուրճ, կակաո, փայտանյութ ևն: Ներմուծում է մեքենաներ, սարքավորումներ, արդ. և պարենային ապրանքներ: Արտաքին առևտրում հիմնական գործընկերներն են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Նիդերլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան: Դրամական միավորը լիբերիական դոլլարն է, որը հավասար է ամերիկյան մեկ դոլլարի (1974): Լուսավորությունը: Կրթական համակարգը կառուցվում է ամերիկյան օրինակով: Ուսուցումը տարվում է անգլերենով: Կան մանկապարտեզներ (4-6 տարեկանի համար), տարրական 6-ամյա և միջնակարգ 6-ամյա դպրոցներ: Վերջինս ունի երկու ցիկլ (յուրաքանչյուրը՝ 3 տարի): Միջնակարգն մասնագիտական կրթությունը վճարովի է: Տարրական և միջնակարգ դպրոցների մի մասը պատկանում է ամերիկյան միսիոներական կազմակերպություններին: Պրոֆտեխնիկական և մանկավարժական կրթություն ստանում են հիմնականում միջնակարգ դպրոցի առաջին ցիկլի հիմքի վրա: Բարձրագույն կրթության համակարգում են համալսարանը Մոնրովիայում (հիմնադրվել է 1951-ին), Կատինգտոնի կոլեջը Սուակոկոյում և Մերիլենդի մանկավարժական կոլեջը: Մոնրովիայում են գտնվում Պետական հանրային և համալսարանի գրադարանները: Գիտական հիմնարկներ: Գիտական հետազոտությունները կողմնորոշվում են գյուղատնտեսության և լեռնահանքային արդյունաբերության պահանջմունքներով: Մուակոկոյի Կենտրոնական փորձարարական կայանում (հիմնադրվել է 1946-ին) ուսումնասիրվում են կաուչուկատու բույսերի, սուրճի, կակաոյի, շաքարեղեգի մշակման հարցերը: Անասնաբուծության, անասնաբուժության և գետային ձկնորսության վերաբերյալ հետազոտություններ են կատարվում այլ փորձարարական կայաններում: Գործում է Արևադարձային բժշկագիտության ինստ-ը (հիմնադրվել է 1952-ին): Օգտակար հանածոների հետազոտություն է կատարում Լ-ի Աշխարհագրական և սև մետալուրգիայի ընկերությունը (հիմնադրվել է 1964-ին): Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը: Առաջատար թերթերն են՝ «Լայբիրիան էյջ» («The liberian Age»), 1946-ից և «Լայբիրյան սթար» («The liberian Star»), 1946-ից: Ռադիոհաղորդումներն ու հեռուստատեսությունը (հիմնադրվել են 1964-ից) վերահսկվում են կառավարական ծառայության Լիբերիական ռադիոհաղորդման ընկերության կողմից: Գրականությունը: Լ-ի ժողովուրդները, ինչպես նաև անգլիախոս ամերիկյան նեգրերի սերունդները, ունեն հարուստ բանահյուսություն: 1957-ին լույս է տեսել «Գրեբո ցեղի պատմական լեգենդներն ու բանահյուսությունը» գիրքը: XIX դ. 30-ական թթ. Մասոլու Դուվալուն վաի լեզվով գրել է այդ ժողովրդի առաջին պատմությունը: Ժամանակակից գրականությունը զարգանում է հիմնականում անգլերեն: Առավել հայտնի են բանաստեղծ Բայթի Մուրը («Աստղային փոշի» բանաստեղծությունների ժողովածու, 1962), Լիբերիայի համալսարանի պրոֆեսոր Ռ. Տ. Տեմստերը (կազմել է Լիբերիայի գրականության անթոլոգիան), կին գրող Դորիս Բենկս Հենրիսը և Էդին Բրայտը՝ երկրում ժողովրդականություն վայելող «Օրագիր» պիեսի հեղինակը: Մուրի («Նոր Աֆրիկա») և Ջին Հոլմսի («Ոսկե գահի առասպելը») լավագույն բանաստեղծություններն ուղղված են գաղութատիրության դեմ: Ժողովրդական արվեստը: Լ-ի կենտրոնական շրջաններում տարածված են հատակագծում բոլորաձև, երբեմն ուղղանկյուն, կավածեփ հիմնակմախքային խրճիթներ՝ ծածկված մեծ քիվով ծղոտե կտուրով: Առափնյա քաղաքները (Մոնրովիա ևն) հիմնականում կառուցապատված են բետոնե ցոկոլավոր, հիմնակմախքային փայտե և ներդրված պատշգամբներով քարե 2-3-հարկանի տներով: 1940-ական թթ. կեսերից կառուցվել են արդի եվրոպական ճարտ. ձևերով խոշոր հասարակական շենքեր: Գեղ. արհեստներից առավել տարածված է փայտե արձանիկների և ծիսային դիմակների պատրաստումը: Զարգացած են փայտի քանդակազարդումը, խեցեգործությունը, գործվածքների և մետաղյա մանր շինվածքների պատրաստումը: Երաժշտությունը: Լ-ի ժողովուրդների երաժշտարվեստը սահմանափակվում է ֆոլկլորով: Հարսանեկան, աշխատանքային, օրորոցային, թաղման և այլ երգերի տեքստերը հանպատրաստից են: Երգերի պենտատոնիկ լադը համապատասխանում է նվագարանների լադերին: Գործիքային երաժշտությանը բնորոշ է բազմառիթմայնությունը, որ պայմանավորված է թմբուկների կիրառմամբ: Տարածված են կիթառը, տավիղը ևն լարային գործիքներ: Նվագախմբերում հաճախ օգտագործվում են նաև սրինգներ, փողեր, սուլիչներ: Երաժշտական գործիքներից է նաև սանսան (աֆրիկյան դաշնամուրը): 1963-ին ստեղծվել է Լիբերիական դրամատիկական և մշակութային ընկերությունը, որի նպատակն է պահպանել և զարգացնել Լ-ի ժողովուրդների մշակութային ժառանգությունը: Նրան կից կազմակերպվել է երգիչների և երաժիշտների խումբ: Կենեմա գյուղում ընկերությունն ունի դպրոց: 1966-ին ստեղծվել է Լ-ի Ազգային թատերախումբը, որի լավագույն բեմադրություններից է «Անտառից եկավ աղջկա սերը» երաժշտական ժող. դրաման:

Գրկ. X одо ա И. А., Либерия (Исторический очерк), М., 1961 Егоров В., Либерия после второй мировой войны, М., 1963 Ольдерогге Д.А., Искусство народов Западной Африки в музеях СССР, Л.М., 1958.