ՀՍՀ/ԼԻՃՔ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԻՃՔ (ն. Գյոլ), գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Սևանա լճի հարավարևմտյան ափին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս-արևմուտք: Սերմնաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Լ-ում է «Լիճք» հանքային ջրերի գործարանը: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Լ-ից մոտ 1,5 կմ արմ., Ղռեր կոչվող վայրում գտնվում են բրոնզեդարյան դամբարանադաշտ (կրոմլեխներով և փոքր դամբարանաբլուրներով), կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև Ս. Աստվածածին եկեղեցին, խաչքարեր (XIII—XIV դդ.), խաչարձաններ, մատուռներ (միջնադար), գերեզմանոցներ: Հիմնադրել են Ալաշկերտից եկածները, 1830-ին:
