ՀՍՀ/ԼԻՆՉ
ԼԻՆՉ (Lynch) Հենրի Ֆինիս Բլոս (18.4. 1862, Լոնդոն 24.11.1913, Լոնդոն), իռլանդացի հայագետ, ճանապարհորդ-աշխարհագրագետ, փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ: 1889 և 1890-ին ճանապարհորդել է Միջագետքում ու Պարսկաստանում: 1900-ին 210 մղոնանոց նոր ուղի («Լինչի պողոտա») է բացել Բախտիարի լեռներից դեպի Սպահան: 1906-ին ընտրվելով Անգլիայի պառլամենտի անդամ՝ քննադատել է արտ. գործ, մինիստր Լ. Գրեյի քաղաքականությունը հայկ. ու պարսկ. գործերում (Լ. միաժամանակ պառլամենտի Պարսկական կոմիտեի նախագահն էր): Լ. Բրիտանական արքայական աշխարհագրական ընկերության անդամ էր: Լ. երկու անգամ ճանապարհորդել է Հայաստանում (1893-ի օգոստոս—1894-ի մարտ և 1898-ի մայիս—սեպտեմբեր): Առաջինն սկսել է Կ. Պոլսից, Սև ծովով հասել Վրաստան, ապա Հայաստան՝ անցնելով Երևան—Էջմիածին—Անի—Կարս—Վան—Աղթամար—Բադեշ—Մուշ—Կարին—Տրապիգոն երթուղով: Երկրորդ ուղևորությունը, որն ամբողջովին նվիրված էր Հայաստանի երկրաբանության և աշխարհագրության ուսումնասիրությանը, կատարել է երկրաբան-քարտեզագիր Ֆ. Օսվալդի մասնակցությամբ: Ուղևորությունների արդյունքն ամփոփել է «Հայաստան» ստվարածավալ աշխատության մեջ և հրատարակել Լոնդոնում, 1901-ին (աշխատակցել է նաև ռուս, հրատարակությանը, հայերեն համառոտ թարգմանությունը լույս է տեսել 1913—1914-ին): «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան» հատորներից բաղկացած «Հայաստան»ում Լ. ընդհանուր գծերով ներկայացրել է հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը, մեծ ուշադրություն դարձրել հայ մշակույթին, առանձնապես՝ ճարտ. կոթողներին ու համալիրներին (Էջմիածին. Անի, Վան, Աղթամար ևն): Մեկնաբանել է հայ ժող. բանահյուսության բազմաթիվ նմուշներ՝ առասպելներ, ավանդույթներ: Ընդհանուր ակնարկով տվել է հայ եկեղեցու յարահատուկ պատմությունը՝ գլխավոր դեպքերով, դավանաբանական վիճաբանություններով ու պայքարով: Ժամանակակից Հայաստանը լուսաբանել է ազգագրական, վիճակագրական, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական երևույթներով ու իրադարձություններով: Առանձնակի ուշադրություն է դարձրել Հայաստանում ապրող թուրքերի, քրդերի, ասորիների, հույների, ռուս, աղանդավորների (դոլխոբորներ, սուբոտնիկներ) և այլ ժոդովուրդների կենցաղին, սովորույթներին, բարքերին, տնտ. վիճակին, հավատալիքներին: Մատնանշել է ցարական և թուրք, կառավարողների վարած ազգային խտրականության քաղաքականությունը, հալածանքը հայոց լեզվի, կրոնի նկատմամբ: Լ. իր առաջադրած խնդիրները փաստարկել է հնագիտական, վավերագրական և այլ հարուստ նյութերով: Գիտական կարևոր արժեք ունեն Հայկական լեռնաշխարհի աշխարհագրությանը նվիրված էջերը, որոնք հագեցված են չափագրված ու աստիճանագրված հատակագծերով ու պատկերներով, ճշգրիտ նկարագրություններով՝ Հայաստանի ռելիեֆի, լեռնագրության, ընդերքի հարստությունների, կլիմայի, բուսականության, գետերի, լճերի (վերջիններս՝ իրենց ծագումով ու ջրային բաղադրությամբ), բարձրավանդակների ու սարահարթերի, դաշտավայրերի ու հովիտների վերաբերյալ: Գիտական հետաքրքրություն են ներկայացնում Արարատի, Սիփանի, Նեմրութի գագաթների, լանջերի ու խառնարանների (Լ. անձամբ եղել է դրանց գագաթներին), ինչպես և Բյուրակնյան լեռներում Արաքսը ակունքի նկարագրությունները: Պատմա-աշխարհագրական խոշոր ներդրում է գրքում տեղադրված Հայաստանի քարտեզը, որը Լ. կազմել է Ֆ. Օսվալդի հետ: Լ-ի երկը ժամանակին բարձր են գնահատել հայտնի արևելագետները և այսօր էլ չի կորցրել իր գիտական արժեքը: Այն կարևոր աղբյուր է XIX դ. Հայաստանի ու նրա ժոդովուրդների պատմության, ազգագրության և այլ խնդիրների լուսաբանման համար: Լ. հետաքրքրվում էր Հայկական հարցով, ուներ բազմաթիվ բարեկամներ հայ մտավորականների ու գործիչների մեջ (Լ-ի մայրական տատն էլ սվազցի հայուհի էր): Լ-ի վերջին խոսքն էր «Բաց նամակ» հայկ. բարենորոգումների վերաբերյալ («The Nation» թերթ, 8.11.1913)
Երկ. Armenia: Travels and Studies, v. 1-2, L.N. У.—Bombay, 1901 Армения: очерки и этюды, т. 1-2, Тифлис, 1910.
Գրկ. Տոնապետյան Պ., Արմենիա Լինչի, Լոնդոն, 1902:
