Jump to content

ՀՍՀ/ԼԻՍԻՊՊՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՍԻՊՊՈՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), հույն քանդակագործ, դասական արվեստի ուշ շրջանի ներկայացուցիչ: Ծնվել է Սիկիոնում: Ստեղծագործել է մ. թ. ա. IV դ. 2-րդ կեսին: Եղել է Ալեքսանդր Մակեդոնացու պալատական արվեստագետը: Քանդակները հիմնականում կերտել է բրոնզից: Գործերը չեն պահպանվել, հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություներից և հռոմ. ընդօրինակումներից: Է. վերաիմաստավորել է Պոլիկլետոսի «Կանոնը», արձանների գլուխները քանդակել փոքրաչափ, մարմինները՝ ավելի թեթև, ձգված համամասնություններով կերպավորել բարդ, բազմապլան շարժման դիրքերում: Նա մարդկանց պատկերել է ոչ այնպես, «ինչպես որ կան» այլ այնպես, «ինչպես-որ թվում են» (Պլինիոս, Բնության պատմության» XXXIV 8): Ստեղծել է աթլետների բազմաթիվ արձաններ («Ագիտոս», «Ապոքսիոմեն»): Հնում փառաբանված նրա գործերից են՝ Զևսի վիթխարի արձանը Տարանտոսում, մարտակառքով Հելիոսի արձանը Հռոդոսում: Հեղինակ է մոնումենտալ արձանախմբերի (օրինակ՝ Գրանիկոնի ճակատամարտում զոհված Ալեքսանդրի հեծյալ զինվորները), Ալեքսանդր Մակեդոնացու դիմաքանդակների: