ՀՍՀ/ԼԻՏՈՐԱԼ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ
ԼԻՏՈՐԱԼ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ (լատ. litoralis—ափային, առափնյա), նստվածքներ և ապարներ, որոնք առաջանում են ծովի մակընթացության ու տեղատվության սահմանների միջև գտնվող լիտորալ մասում: Բնորոշ է տեղատվությունների ժամանակ ծովի հատակի պարբերական չորացման հետքերի առկայությունը: Լ. ն. են՝ 1. ողողման մակերևույթները և կոռոզիայի հետքերը (կարբոնատային նստվածքների զարգացման ընթացքում), 2. գերչորացման ճեղքերը և միացող հոսքերի նշանները (տեղատվության դեպքում). 3. դիագենետիկ միներալների (երկաթի սուլֆիդների, գլաուկոնիտի) քայքայման հետքերը երակների և ցեմենտի ձևով, որոնք ներկայացված են գիպսով, երկաթի և մանգանի օքսիդներով, 4. «բիչ-ռոք» (beach-rock) տիպի գոյացումները՝ բեկորային նստվածքների կարբոնատներով ցեմենտացված շերտիկները, 5. ցամաքային կենդանիների (թռչունների, մողեսների ևն) հետքերը և բույսերի արմատների մնացորդները: Լ. ն-ում այդպիսի հետքեր պարունակող շերտիկներն անընդհատ հերթագայվում են ծովային ֆաունայի և ֆլորայի հետքերով շերտիկների հետ:
