ՀՍՀ/ԼԼՈՅԴ ՋՈՐՋ
ԼԼՈՅԴ ՋՈՐՋ (Lloyd George) Դեյվիդ (1863—1946), անգլիական պետական գործիչ, լիբերալ կուսակցության պարագլուխ: Առևտրի (1905—08) և ֆինանսների (1908—15) մինիստրի պաշտոնում վարել է սոցիալական դեմագոգիայի քաղաքականություն: 1916—22-ին եղել է կոալիցիոն կառավարության պրեմիեր մինիստր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կողմ էր Գերմանիայի գլխովին ջախջախմանը: 1919—20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսի և 1919-ի վերսալյան պայմանագրի գլխավոր հեղինակներից էր: Նրա կառավարությունը սանձազերծեց հակասովետական ռազմ. ինտերվենցիա, իսկ ավելի ուշ (1921) առևտրական պայմանագիր կնքեց Սովետական Ռուսաստանի հետ: 1919—20-ին Լ. Ջ. պաշտպանեց ու ոգեշնչեց պատերազմը թուրք. ազգայնական շարժման դեմ, սակայն անհաջողության մատնվելով, պաշտոնաթող եղավ: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, ֆաշիստական ագրեսիան կանխելու նպատակով, կողմնակից էր անգլո-սովետական համաձայնության: 1917-22-ին Լ. Ջ. իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հանդես է եկել «հօգուտ» Հայկական հարցի, նրան են պատկանում «Հայաստանը զոհաբերվեց մեր (անգլիացիների) կանգնեցրած հաղթական զոհասեղանին», «Դաշնակիցները (Անտանտ) բարոյական մեծ պատասխանատվություն են կրում Հայաստանի հանդեպ», «Հայերը պետք է վերագտնեն իրենց անկախությունը» և այլ արտահայտություններ, որոնք մոռացության տրվեցին, երբ Մեծ Բրիտանիան հասավ իր հետապնդած իմպերիալիստական նպատակներին՝ տիրանալով Օսմանյան կայսրությունից անջատված տերիտորիաների մեծ մասին և կոնցեսիաներ ստանալով Թուրքիայում
Երկ. Военные мемуары, т. 1—6, М., 1934 —1937 Правда о мирных договорах, т. 1—2, М., 1957.
Ջ. Թորոսյան
