ՀՍՀ/ԼՅԱՊՈՒՆՈՎ
ԼՅԱՊՈՒՆՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ 25.5(6.6).1857, Յարոսլավլ —3.11.1918, Օդեսա, ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1901), Պ. Լ. Չեբիշևի աշակերտը: 1880-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանը: 1892-ից Խարկովի համալսարանի պրոֆեսոր, 1902-ից աշխատել է Պետերբուրգի ԳԱ-ում: Հիմնական վաստակը կայունության խնդիրների լուծման ընդհանուր մեթոդի մշակումն է: Ստեղծել է վերջավոր թվով պարամետրերով որոշվող մեխանիկական համակարգերի շարժման և հավասարակշռության արդի տեսությունը: Արժեքավոր աշխատանքներ ունի մաթ. ֆիզիկայի, պտտվող հեղուկի հավասարակշռության ձևերի ու կայունության վերաբերյալ: Հավանականությունների տեսությունում առաջարկել է հետազոտման նոր՝ «բնութագրական ֆունկցիաների» մեթոդ, ապացուցել, այսպես կոչված, կենտրոնական սահմանային թեորեմը՝ բավական ընդհանուր պայմանների դեպքում:
