ՀՍՀ/ԼՈՂ
ԼՈՂ (մարզական), միավորում է սպորտային տարբեր մրցատարածությունների, կիրառական, ստորջրյա (տես Ստորջրյա սպորտ) և սինխրոն (գեղարվեստական) Լ-երը: Տարբերում են նաև բուժական, կենցաղային և խաղային Լ-եր: Մարզական Լ. ընդգրկում է 100—1500 մ տարածությունների մրցումները, ուր կիրառվում են կրոլ, բրաս, բատերֆլայ և դելֆին լողաձևերը: Կիրառական Լ.՝ տարբեր երկարության և խորության սուզումները, խեղդվողին փրկելը, ջրային արգելքների հաղթահարումը: Սինխրոն Լ.՝ ակրոբատիկ վարժություններ ջրում, կատարվում է երաժշտության ուղեկցությամբ, միայնակ, զույգերով կամ խմբակային: Խաղային Լ.՝ տարբեր շարժուն խաղեր և զվարճություններ ջրում: Լ. ջրային պոլոյի հիմքն է, ժամանակակից հնգամարտի և ծովային բազմամարտի բաղկացուցիչ մասը, ջրա-մոտորային և առագաստային սպորտով զբաղվող մարզիկների պատրաստականության անհրաժեշտ տարրը: Լ. մարդկությանը հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Սպորտային Լ. մասսայականացել է XIX դ. վերջին: 1890-ին անցկացվել են Լ-ի Եվրոպայի առաջնության մրցումներ, 1896-ին ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում: 1908-ին հիմնվել է Սիրողական Լ-ի մհջազգային ֆեդերացիա (ՖԻՆՍ), 1924-ին՝ Լ-ի Եվրոպական լիգա (ԼԵՆ): ՍՍՀՄ-ում Լ-ի առաջին պաշտոնական մրցումներն անցկացվել են 1918-ին, 1928-ից ընդգրկվել է ՍՍՀՄ սպարտակիադայի և ՍՍՀՄ առաջնության ծրագրում: 1947-ից ՍՍՀՄ լողորդները մասնակցել են միջազգային տարբեր մրցումների, 1952-ից՝ օլիմպիական խաղերին, 1954-ից՝ Եվրոպայի առաջնությանը: 1973-ին Բելգրադում անցկացվեց Լ-ի աշխարհի առաջնության առաջին մրցումները: Հայաստանում մարզական Լ. զարգացել է 1930-ից: Հայաստանի լողորդներից հայտնի են Ա. Սոկրյուկովը, Վ. Փիլոյանը, Հ. Ջիլավյանը, Ա. Նովիկովը:
