Jump to content

ՀՍՀ/ԼՈՌԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՌԵ, Լոռի, միջնադարյան քաղաք և ամրոց: Ավերակները գտնվում են Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 5 կմ հս-արլ., Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005—20-ին: 1065-ին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա (1049—89) Լ. դարձրեց Կյուրիկյան. թագավորության մայրաքաղաք: Գտնվելով հս. առևտրական ճանապարհի վրա՝ Լ. եղել է առևտրա-արհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում, առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: XI XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել: 1105-ին Լ. կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝ վրաց. զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185-ին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին: 1236-ի հունիսին մոնղ. բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լ-ին տիրում էին հայ Օրբելյանները: 1562—1734-ին Լ., որպես ռագմ. կարևոր ամրոց, անցել է մերթ թուրքերին, մերթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Լ. կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—30-ին ամայացավ (այժմ Լ-ից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը): Լ-ի ավերակները գրավում են 35 հա տարածություն, փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծ. մ-ից 1490 և բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հս-արմ-ից ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հս-արմ. անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հս-արմ. ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լ-ում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար: Լ-ում 1966-ից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը: Պեղվել են XI —XIII դդ. 2 բաղնիք, մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռացարանից: Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով: Բացվել են նան երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն առաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով: Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը: Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը: Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ: Բնակելի թաղամասում բացված տներից առանձնապես ուշագրավ էմեկը, որի պատերի որմնանկարներն, ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են: Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր կտուրի տակ առնված գմբեթներով: Հվ. պատի մեջ դրված միհրաբի քարը ապացույց է, որ այն եղել է մահմեդական մզկիթ (XIV—Х V դդ.): Լ-ի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը: Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով: Լ-ից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ են, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լ-ում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից. Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ:

Գրկ. Կիրակոս Գանձակեցի,

Պատմություն Հայոց, Ե., 1961: Հարությունյան Վ.Մ., Լոռի բերդ-քաղաքը, «ՊԲՀ», 1903, 3: Ղարիբյան Ի. Գ., Լոռե քաղաքի պեղումները, «ԲԵՀ», 1969, 1: Նույնի, Լոռե քաղաքի մատուռ-դամբաոանը և նրա կավանոթները, «ՊԲՀ», 1969, 2: Նույնի, Լոռե ամրոցի պեղումները, «ԲԵՀ», 1970, 3:

Ի. Ղարիբյան