Jump to content

ՀՍՀ/ԼՈՌՈՒ «ՉԵԶՈՔ ԳՈՏԻ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՌՈՒ «ՉԵԶՈՔ ԳՈՏԻ», դաշնակցական Հայաստանի և մենշևիկյան Վրաստանի միջև ծագած հակասությունների պատճառով Լոռու ժամանակավոր անջատումը (9.1.1919—16.2.1921) Հայաստանից: 1918-ի մայիսին, Հայաստան ներխուժած թուրք, զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով, վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքեր մտցրեց Լոռի: Թուրք, բանակի նահանջից հետո մենշևիկները շարունակեցին իրենց ձեռքում պահել Լոռին: 1918-ի դեկտ. 9-ին բռնկվեց հայ-վրացական պատերազմ Լոռու համար: Դաշնակցական բանակը գրավեց Բորչալուի գավառը: Անտանտի երկրների միջնորդությամբ 1918-ի դեկտ. 31-ին նախ զինադադար կնքվեց, ապա 1919-ի հունվ. 9—17-ին Թիֆլիսում կայացած հայ-վրացական կոնֆերանսը նախկին Բորչալուի գավառի Ալավերդու, Ուզունլարի և Վորոնցովկայի շրջանները «Չեզոք գոտի» ճանաչեց: Լոռին վերածվեց անգլո-ամերիկյան ռազմ. գաղութի: Փաստական իշխանությունը պատկանում էր Անտանտի երկրներից նշանակվող գեներալ-նահանգապետին: Հայ-վրացական կոմիսարիատն իր վարչական ապարատով և միլիցիայով ենթարկվում էր նրան: Շրջաններում, ենթաշրջաններում և գյուղերում տեղական իշխանությունը հայերից կամ վրացիներից ընտրված կոմիսարների ձեռքում էր: 1920-ի նոյեմբ. 13-ին, օգտվելով Հայաստանի ծանր վիճակից (քեմալական Թուրքիան հարձակվել էր Հայաստանի վրա), Վրաստանի մենշևիկյան կառավարությունը դաշնակցական կառավարությունից ստացավ «Չեզոք գոտի» զորք մտցնելու համաձայնություն: Հայաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո Վրաստանի մենշևիկյան կառավարությունը մերժեց զորքերը «Չեզոք գոտուց» հանելու Հայաստանի Հեղկոմի պահանջը և զավթեց այլ բնակավայրեր (Ջալալօղլի, Լորուտ, Աթան են): Շահալի կայարանի գրավումով Հայաստանը կտրվեց Սովետական Ռուսաստանից և Ադրբեջանից: Հայաստանում սովետական կարգերի հաղթանակը նպաստավոր պայմաններ ստեղծեց «Չեզոք գոտում» զինված ապստամբության նախապատրաստման և անցկացման համար: 1920-ի դեկտեմբերին Լոռու մի շարք գյուղերում հրավիրված համագումարներում աշխատավորները պահանջեցին Լոռին միացնել Սովետական Հայաստանին: Նրանք օգնության համար դիմեցին Սովետական Ռուսաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին: ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի ցուցումով ՀԿ(բ)Կ Կենտկոմը 1920-ի դեկտ. 20-ին Ղարաքիլիսայում կազմակերպեց ապստամբության շտաբ: Ապստամբության նախապատրաստմանն էր նվիրված 1921-ի հունվ. 2-ին հրավիրված Լոռու բոլշևիկների կոնֆերանսը, որը ղեկավարում էր Հայաստանի Հեղկոմի անդամ Ա. Մռավյանը: 1921-ի փետր. 7-ին ստեղծվեց Լոռու ռազմահեղափոխական կոմիտե: Ապստամբության պատասխանատու ղեկավար նշանակվեց Հ. Լազյանը: Փետր. 11-ի լույս 12-ի գիշերը ապստամբությունն սկսվեց: Մենշևիկյան բանակի միայն ընտրովի զորամասերը ցույց տվեցին կատաղի դիմադրություն: Ապստամբության շտաբի խնդրանքով փետր. 12-ին «Չեզոք գոտի» մտան Սովետական Ռուսաստանի 11-րդ բանակի զորամասերը: Փետր. 16-ին ապստամբությունը հաղթանակեց: Լոռին միացավ Սովետական Հայաստանին:

Գրկ. Կարապետյան Ս.Խ., Զինված ապստամբությունը Լոռում 1921 թվականին, Ե., 1955: Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե.. 1967: Հ. Մելիքյան