Jump to content

ՀՍՀ/ԼՈՒԲՈԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒԲՈԿ (անունն առաջացել է լորենու «լուբ»ից՝ երկրորդային կեղևից), լորատախտականկար, ժողովրդական նկար, գրաֆիկայի ստեղծագործություն (հիմնականում տպագիր), որ առանձնանում է կերպարների դյուրըմբռնելիությամբ և նախատեսված է մասսայական տարածման համար: Լ-ին բնորոշ են կատարման տեխնիկայի պարզությունը, կերպավորման միջոցների լակոնիզմը (կոպիտ գիծ, սովորաբար՝ վառ գունազարդում), ոչ սակավ՝ պատկերը լրացնող բացատրագրով: Սկզբում եղել է ժող. ստեղծագործության տեսակներից: Հնագույն Լ-ները ստեղծվել են Չինաստանում (VIII դարից. փորագրվել են փայտի վրա), XV դարից՝ Եվրոսյայում, XVII դարից՝ Ռուսաստանում: Լ-ում մեծ տեղ են գրավել հեքիաթային, երգիծական, երգային, բարոյախոսական, մարտական թեմաները: Հատկապես նշանակալից են Գերմանիայի գյուղացիական պատերազմի դարաշրջանի և XVI դ. Ռեֆորմացիայի ագիտացիոն-երգիծական Լ փայտագրությունները, Ռուսաստանի Պետրոսյան ռեֆորմների ժամանակի Լ-ները, XVIII դ. վերջի Ֆրանսիական բուրժ. հեղափոխության և Ռուսաստանի 1812-ի Հայրենական պատերազմի շրջանի գունազարդված օֆորտները: Սովետական արվեստում Լ-ի արտահայտչամիջոցները պլակատներ և ագիտացիոն պատկերներ ստեղծելու համար կիրառել են Վ. Վ. Մայակովսկին և ուրիշներ, ինչպես և Տ. Ա. Մավրինան՝ մանկական գրքեր նկարազարդելիս:

Գրկ. Лубок Альбом, М., 1968.