ՀՍՀ/ԼՈՒՄՈՒՄԲԱ
ԼՈՒՄՈՒՄԲԱ (Lumumba) Պատրիս էմերի (1925—1961), Կոնգոյի հանրապետության (այժմ՝ Զաիրի Հանրապետություն) ազատագրական շարժման գործիչ: Մասնագիտությամբ՝ լրագրող: Հիմնել է «Ուհուրու» («Ազատություն») թերթը և ղեկավարել «էնդեպենդանս» շաբաթաթերթի հրատարակումը: 1958-ին հիմնել է Կոնգոյի ազգային շարժում կուսակցությունը, որը հանդես էր գալիս հանուն Բելգիական Կոնգոյի անվերապահ անկախության: Մասնակցել է Բրյուսելում (1960) «Կլոր սեղանի» կոնֆերանսի աշխատանքներին, որտեղ որոշվեց անկախություն շնորհել Բելգիական Կոնգոյին: 1960-ի հունիսից Կոնգոյի Հանրապետության պրեմիեր մինիստրն էր: Պայքարում էր երկրի ներսում անջատողական շարժման և բելգ. գաղութարարների զինված ագրեսիայի (1960-ի հուլիս) դեմ: 1960-ի սեպտեմբերին հեռացվել է իշխանությունից, ձերբակալվել և տեղափոխվել Կատանգա, որտեղ գազանաբար սպանվել է: 1966-ին Լ. պաշտոնապես հռչակվեց ազգային հերոս: Լ-ի անունով է կոչվում (1961-ից) Մոսկվայի ժոդովուրդների բարեկամության համալսարանը:
