ՀՍՀ/ԼՈՒՅՍ
ԼՈՒՅՍ, նեղ իմաստով՝ տեսանելի ճառագայթում, այսինքն՝ 400—750 նմ երկարության տիրույթի էլեկտոա-մագնիսական ալիքներ, որոնք մարդու աչքը ընդունակ է ընկալելու: Աչքի զգայնությունը այդ տիրույթի տարբեր երկարության ալիքների նկատմամբ բնութագրվում է, այսպես կոչված, տեսանելիության կորով, որը ցույց է տալիս Vx հարաբերական զգայնության, այսինքն՝ միատեսակ լուսազգացում առաջացնող մեներանգ ալիքների էներգիայի հակադարձ մեծության կախումը ալիքի երկարությունից: Չնայած այդպիսի գնահատման սուբյեկտիվության, տարբեր աչքերի համար տեսանելիության կորը քիչ է փոփոխվում: Նորմալ աչքի համար այն իր առավելագույն արժեքին (պայմանականորեն ընդունված է 1) է հասնում X 555 նմ (5550 A) երկարության ալիքի դեպքում: Լայն իմաստով Լ, օպտիկական ճառագայթում է, որը բացի սպեկտրի տեսանելի տիրույթից, ընդգրկում է նաև ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ալիքների լայն տիրույթները (1 նմ-ից մինչև 1 մմ): Լ-ի սպեկտրային տիրույթը չունի խիստ որոշակի սահմաններ և սկզբունքորեն չի տարբերվում էլեկտրամագնիսական ալիքների սանդղակի մյուս տիրույթներից (ռադիոալիքներ, ռենտգենյան և լ ճառագայթներ): Լ-ի հիմնական հատկությունների պարզաբանմանը զուգընթաց, նրա բնույթի վերաբերյալ տեսակետներն անընդհատ փոփոխվել են: Մեխանիկայի վիթխարի հաջողությունները և օպտիկայի մինչ այդ հայտնի օրենքները հիմք ծառայեցին Նյուտոնին՝ ստեղծելու Լ-ի մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը: Հետագայում, մասնիկային տեսությամբ անբացատրելի լուսային մի շարք երևույթների (ինտերֆերենցիա և դիֆրակցիա, երկբեկում ևն) հայտնագործումը խթանեց Լ-ի ալիքային տեսության ստեղծումը (Հյուգենս, Հուկ, Էյլեր, Յունգ, Ֆրենել և ուր.): Ըստ այդ տեսության, լուսային գրգիռը դիտվում էր որպես առաձգական իմպուլս, որը տարածվում է հատուկ միջավայրում՝ եթերում: Ջ. Մաքսվելի տեսական հետազոտությունները և Հ. Հնոցի փորձերը հաստատեցին Լ-ի ալիքային՝ էլեկտրամագնիսական բնույթը: Սակայն եթե Լ-ի ինտերֆերենցիան, դիֆրակցիան, բևեռացումը ևն բացատրելու համար դասական ալիքային օպտիկայի օրենքները միանգամայն բավարար են, ապա օպտիկական որոշ երևույթների (Լ-ի կլանում և ճառագայթում, ֆոտոէֆեկտ, Քոմփթոնի էֆեկտ ևն) էությունը հնարավոր չէ հասկանալ, աոանց դիմելու քվանտային (մասնիկային) պատկերացումներին: Այսպիսով, տարբեր երևույթներում Լ. տարբեր հատկություններ է դրսևորում, այսինքն ունի երկակի՝ մասնիկ-ալիքային բնույթ (տես Մասնիկ-ալիքային երկվություն): Լ-ին բնորոշ հիմնական երևույթների և նյութի հետ նրա փոխազդեցության պրոցեսների մասին տես համապատասխան հոդվածները:
Գրկ. տես Օպտիկա հոդվածի գրականությունը: Ժ. Նինոյան
