Jump to content

ՀՍՀ/ԼՈՒՅՍԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒՅՍԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, էլեկտրամագնիսական ալիքների տարածման արագությունը (с): Հիմնական ֆիզիկական հաստատուններից է, ցույց է տալիս ֆիզիկական ցանկացած փոխազդեցության տարածման սահմանային արագությունը: Լ. ա-յան որոշելը սկզբունքային և գործնական կարևոր նշանակություն ունեցավ լույսի էլեկտրամագնիսական բնույթի հաստատման, հարաբերականության տեսության համար: Լ. ա. աոաջինը չափել է (1676) դանիացի աստղաբաշխ Օ. Ռյոմերը՝ ըստ Յուպիտերի արբանյակի խավարումների միջև եղած ժամանակային տարբերության: Այնուհետև Լ. ա. որոշել է Ջ. Բրադլեյը 1728-ին՝ օգտվելով աստղերի լույսի աբեռացիայի երևույթից: Լաբորատոր (երկրային) պայմաններում Լ. ա. առաջինը չափել է ֆրանսիացի ֆիզիկոս Ի. Լ. Ֆիզոն (1849): Նրա մեթոդի առանձնահատկությունը լուսային հոսքի կանոնավոր ընդհատումների միջոցով (պտտվող ատամնանիվ) ստացվող ազդանշանի բացթողման և անդրադարձած իմպուլսների վերադարձի պահերի ավտոմատ գրանցումն է: Ֆիզոյի ստացած արդյունքն էր՝ с 315300 կմ/վրկ: Ատամնանիվը փոխարինելով պտտվող հայելիով՝ ֆրանսիացի ֆիզիկոս Ժ. Բ. Լ. Ֆուկոն ստացավ (1862) ավելի ճշգրիտ արժեք՝ с 298000 500 կմ/վրկ: Ֆուկոյի մեթոդը կատարելագործվեց Ա. Մայքելսոնի աշխատանքներում (1879, 1902, 1926, տես նաև Մայքելսոնի փորձ): 1926-ին նրա ստացած արժեքը (с 299796 4 կմ/վրկ) իր ժամանակի համար ամենաճշգրիտն էր: Հետագայում Լ. ա-յան չափման փորձերը շարունակվել են ավելի կատարելագործված մեթոդներով (մոդուլյացիոն մեթոդ): 1972-ին ամերիկացի գիտնական Կ. Իվենսոնը (աշխատակիցների հետ), չափելով С H 4 լազերի ճառագայթման ալիքի թե երկարությունը և թե հաճախականությունը, որոշել է Լ. ա. և ստացել с 299792456,2 0,8 մ/վրկ արժեքը: Ներկայումս (1976) ընդունված է համարել, որ Լ. ա. հավասար է 299792 0,4 կմ/վրկ: Միջավայրում Լ. ա. կախված է հաճախականությունից (տես Դիսպերսիա Լույսի): Այդ դեպքում պետք է տարբերել փողային արագությունը և խմբային արագությունը:

Գրկ. Լանդսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): Вафиади В. Г., Попов Ю.В., Скорость света и ее значение в науке и тех нике, Минск, 1970.

Ժ. Նինոյան