ՀՍՀ/ԼՈՒՍԱՉԱՓ
ԼՈՒՍԱՉԱՓ, լուսաչափական կամ լուսային մեծություն (տես Լուսաչափություն) չափելու սարք: Տարբեր տիպի Լ-երով չափում են ճառագայթման աղբյուրի պայծառությունը, լուսավորվածությանը, լույսի ուժը, լուսային հոսքը: Ճառագայթման աղբյուրի գույնը չափող սարքը՝ գունաչափը, նույնպես համարվում է Լ.: Լինում են երկու հիմնական տիպի Լ-եր՝ վիգուալ և օբյեկտիվ (կամ ֆիզիկական): Վիզուալ Լ-երում որպես ընդունիչ օգտագործվում է աչքը, այսինքն՝ համեմատման երկու տիրույթների պայծառությունների հավասարեցումը կատարվում է աչքով: Այսպիսի Լ. աչքի հոգնելու և չափողի անհատական սխալների պատճառով մեծ ճշգրտություն ապահովել չի կարող: Ավելի ճշգրիտ չափումներ կատարվում են օբյեկտիվ Լ-ով, որտեղ օգտագործվում են տարբեր սպեկտրային բնութագրեր ունեցող ֆիզիկական ընդունիչներ՝ ֆոտոէլեմենտ, ջերմաէլեմենտ, ֆոտոբազմապատկիչ: Լուսային մեծությունները չափող օբյեկտիվ Լ. հիմնականում բաղկացած է ոսպնյակներից, լուսազտիչներից, լույսը թուլացնող հարմարանքներից, դիաֆրագմաներից և ճառագայթման ընդունիչից: Հաճախ, օբյեկտիվ Լ-ում ճառագայթման հոսքը վերածվում է էլեկտրական հոսանքի, որի միջոցով էլ (համապատասխան աստիճանավորումից հետո) որոշվում է տվյալ լուսաչափական մեծությունը: Լուսաչափական մեծությունների բացարձակ չափումները սովորաբար կատարվում են մեծ սիստեմատիկ սխալներով: Ճառագայթման հոսքի հարաբերական չափումները տալիս են ավելի մեծ ճշգրտություն: Ստանդարտ և չափվող աղբյուրների ճառագայթման հոսքերի հավասարեցումը իրականացվում է լուսաչափական սեպի, փոփոխական չափեր ունեցող դիաֆրագմաների և այլ սարքերի միջոցով: Լ. լայն կիրառություն ունի աստղագիտության մեջ: Աստղադիտակի վրա տեղադրված Լ-ով աստղերի պայծառությունները չափվում են աչքով: Ընդ որում չափվող երկնային մարմնի պայծառությունը հավասարեցվում է հայտնի պայծառություն ունեցող մեկ այլ երկնային մարմնի կամ հաստատուն լույսի աղբյուրի (հաճախ շիկացման էլեկտրական լամպի) պայծառության հետ: Աստղադիտակի վրա տեղադրված ժամանակակից էլեկտրալուսաչափն ապահովում է չափման մեծ ճշգրտություն: Գրանցում որպես ընդունիչ օգտագործվում են ֆոտոբազմապատկիչները կամ ֆոտոէլեմենտները, որպես համեմատման լույսի աղբյուր՝ ինքնալուսարձակող ռադիոակտիվ նյութեր (տես Լյումինաֆոր): Մեծ թվով երկնային մարմինների լուսաչափությունը կատարվում է լուսանկարչական մեթոդով: Այդ դեպքում յուսաչափությունը իրականացվում է միկրոֆոտոմետրերով:
Ա. Քալլօղյան
