ՀՍՀ/ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, հանրակրթական դպրոցների ուսումնադսատիարակչական, մանկավարժական բուհերի և ուսումնարանների, մեթոդա-մանկավարժական և գիտական աշխատանքները ղեկավարող պետական մարմին: Կազմակերպվել է որպես Հայաստանի լուսավորության ժող. կոմիսարիատ ՀՍՍՀ Հեղկոմի 1920-ի դեկտ. 12-ի դեկրետով: 1946-ին վերակազմվել է ՀՍՍՀ լուսավորության մինիստրության: Ունի դպրոցների գլխավոր վարչություն, պլան-ֆինանսավորման և կապիտալ շինարարության վարչություններ, ծրագրա-մեթոդական, կադրերի, գիշերօթիկ և հատուկ դպրոցների, արտասահմանի հետ կապի, նախադպրոցական, ֆիզիկական կուլտուրայի բաժիններ: Գործունեությունն իրականացնում է քաղաքային և շրջանային սովետների գործկոմների ժող. կրթության բաժինների միջոցով: Նրա համակարգում են (1977) 1937 հանրակրթական, 127 երեկոյան (հերթափոխային) դպրոց, 1015 մանկապարտեզ և մանկամսուր, մանկավարժական գիտությունների գիտահետազոտական և ուսուցիչների կատարելագործման ինստ-ները, Խ. Աբովյանի անվ. Երևանի հայկական, Վ. Բրյուսովի անվ. Երևանի ռուսաց և օտար լեզուների, Մ. Նալբանդյանի անվ. Լենինականի հայկական, Կիրովականի մանկավարժական ինստ-ները, Ա. Բականցի անվ. Երևանի հայկական, Ն. Օստրովսկու անվ. Երևանի ռուսական, Ա. Մռավյանի անվ. Լենինականի, Գորիսի մանկավարժական ուսումնարանները: Հրատարակում է «Սովետական մանկավարժ» (1926-ից) ամսագիրը՝ «Ֆիզիկան և մաթեմատիկան դպրոցում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Русский язык в армянской школе» հավելվածներով, «Սովետական դպրոց» շաբաթաթերթը (1939-ից): ՀՍՍՀ լուսավորության ժողկոմներ են աշխատել. Ա. Գ. Հովհաննիսյանը (1920—1922), Ա. Հ. Մռավյանը (1923—29), Դ. Ա. Տեր-Սիմոնյանը (1931—33), Զ. Ա. Աշրաֆյանը (1933), Ն. Մ. Ստեփանյանը (1934), Ա. Մ. Եղիազարյանը (1929—31 և 1934—1936), Լ. Ե. Արիսյանը (1936—37), Հ. Գ. Պողոսյանը (1937-38), Բ. Ե. Մարտիրոսյանը (1938—42), Ա. Ա. Խաչիկյանը (1942—45), մինիստրներ՝ Գ. Հ. Աղբալյանը (1945—48), Ս. Ա. Միքայելյանը (1948—55), Շ. Ս. Սիմոնյանը (1955—73): 1973-ից մինիստր է Ս. Տ. Հախումյանը:
