ՀՍՀ/ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱԿԻ
ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱԿԻ, անօրգանական ապակուց պատրաստված արտադրանք՝ նախատեսված լուսային հոսքի ուղղությունը և սպեկտրային բաղադրությունը փոխելու համար: Ըստ լուսային հոսքի ուղղության փոխելու եղանակի Լ. ա-ները լինում են՝ բեկող (փարոսների և լուսազդանիշների ոսպնյակներ, ավտոմեքենայի լապտերներ), անդրադարձնող (գնդային, պարաբոլային, հիպերբոլային հայելիներ), ցրող (ջահերի լուսամփոփներ և թասակներ): Լույսի բեկումն ու անդրադարձումը իրացվում է Լ. ա-ի ձևի միջոցով, իսկ ցրումը՝ ապակու մակերևույթի փայլատմամբ կամ խամրացմամբ, որի համար նրա բաղադրությանը ավելացնում են 3—7 ֆտորի կամ ֆոսֆորի միացություններ: Գունավոր Լ. Ա-ները բաժանվում են 5 խմբի, կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, լուսնասպիտակ: Լ. ա-ի գունավորման համար օգտագործում են սելեն, կադմիումի, պղնձի, կոբալտի, քրոմի միացություններ: Գունավոր Լ. ա. օգտագործվում է գլխավորապես տրանսպորտային ազդանշանման համար: Լ. ա-ի բաղադրության մեջ մտնում են 60—80 SiO₂, ալյումինիումի, կալցիումի, մագնեզիումի օքսիդներ: Լ. ա. են համարվում նաև ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր և ռենտգենյան ճառագայթների կլանման կամ թողանցման համար նախատեսված ապակիները:
