Jump to content

ՀՍՀ/ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ, մարդու և կենդանիների օրգանիզմի ֆունկցիա, որով ապահովվում է ձայնային տատանումների ընկալումը: Էվոլյուցիայի պրոցեսում Լ-յան համակարգը առաջինը ձևավորվել է միջատների մոտ, բնորոշ է բոլոր ողնաշարավորներին և լավ զարգացած է կաթնասունների օրգանիզմում: Լ-յան օրգանների (տես Ականջ) կառուցվածքը կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների և մարդու մոտ տարբեր է: Մարդը որպես ձայն ընկալում է 16-ից մինչև 20.000 հց հաճախականությունները: Նշված սահմաններից ցածր և բարձր տատանումները մարդու կողմից չեն ընկալվում, սակայն հեշտությամբ կարող են ընկալվել որոշ կենդանիների կողմից: Լ. բնորոշվում է լսողականության շեմքով, ձայնի նվազագույն ուժը, որը կարող է առաջացնել լսողական զգացողություն, ստորին շեմքն է: Ձայնի առավելագույն ուժը, երբ վերանում է լսողական զգացողությունը և ականջներում ի հայտ է գալիս ցավի զգացում, լսողականության վերին կամ ցավային շեմքն է: Ստորին և վերին շեմքով սահմանագծված տարածությունը կոչվում է լսողական դաշտ: Մարդու Լ. ավելի զգայուն է 800—500 հզ. հաճախականության տատանումների նկատմամբ: Լ-յան կարևորագույն հատկանիշներն են՝ ձայնի տարբերումը ըստ բարձրության (տատանումների հաճախականություն), ուժգնության (ինտենսիվության), երանգավորման (տեմբրի) և ձայնի ուղղության որոշման (օտոտոպիկա), ինչպես նաև հարմարվողականությունը, այսինքն՝ Լ-յան շեմքի բարձրացումը ձայնի տևական ազդեցության ժամանակ: