ՀՍՀ/Խ
Խ, հայերեն այբուբենի տասներեքերորդ տառը: Անունն է խե: Ստեղծել է Մեսրո p Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով: Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկար և դրանից աջ, կենտրոնում, միմյանցից հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից: Հորիզոնական նուրբերով կարճը վերևից միանում է երկարին, իսկ լայնը ներքևից միանում է կարճին՝ խ: Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանել է գծագրական յուրահատկությունները՝ ենթարկվելով տառատեսակի առանձնահատկություններին: Գրչագիր Խ գրվում է երկու տողերի միջև: Ներդաշնակության համար լայնը հավասարվել է կարճին՝ խ, հաճախ աջ կողմի երկու տարրերը իջել են մինչև ստորին տողագիծը և հավասարվել երկարին: Գրվում է ուղղաձիգ և աջ թեքված՝ խ: Օգտագործվում է բոլորգրում որպես գլխագիր, հաճախ երկարը սրությամբ իջնում է տողից ցած: Երկաթագիր Խ ստեղծվել է գրչագրի հենքից, որտեղ կարճը և լայնը իրար են միանում կոր նուրբով՝ Խ գեղագրության նկատառումներով հաճախ նրանք ևս կորանում են: Երկաթագիրն օգտագործվում է նաև որպես գլխագիր, որտեղ երկարը ձգվում է վերև, իսկ ստորին մասը իջնում տողագծից ցած՝ բարակող ծայրով: Բոլորգիր Խ, որը նույնպես ստեղծվել է գրչագրի հենքից, ի տարբերություն նախորդների, գտնվում է մի տողագծի վրա, ընդ որում, կարճով և լայնով նստում է տողագծին՝ Խ, իսկ երկարը վերին մասից երկարում է վերև, ստորին մասով իջնում ցած: Բոլորգրից ստեղծվել է շղագիրը՝ ապա նոտրգիրը (XIV դարում)՝ Խ: Խ նշանագրում է հայերենի ետնալեզվային պարզ շփական խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը): Եվ գրաբարում, և միջին հայերենում, և ժամանակակից հայերենում և պահպանում է իր հնչույթային արժեքը: Երբեմն սահմանափակ թվով բառերում ղ ձայնեղ հնչյունը, խլանալով, հնչում է խ (թուխտ թուղթ, մախթէլ մաղթել): Բարբառներում կան խ հ և հ խ փոփոխություններ (խաղալ հաղալ, խուրձ հուրձ, նախիր նահիր և հազար խազար, հինգ խինգ ևն): Խ նշանակել է քառասուն և քառասուներորդ, բյուրի նշանով (Խ)՝ չորս հարյուր հազար: Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է քանակական և դասական թվականի արժեքներով: Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Գլուխ Խ Գլուխ քառասուներորդ):
Ա. Մաթևոսյան
