ՀՍՀ/ԽԱԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հայ միջնադարյան երաժշտական գրության արվեստը: Ձևավավորվել է VIII դարից: Գաղափարի ծագումն ու սկզբնական իրականացումը կապված են Ստեփանոս Սյունեցու անվան հետ: Խ-յան հետագա մշակմանն ու տարածմանը մասնակցել են Գրիգոր Գռգիկը (Այրիվանեցի), Անանիա Նարեկացին, Խաչատուր Տարոնացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Խուլը, Գևորգ Սկևռացին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Խլաթեցին և ուրիշներ: Պահպանվել են գրչագիր խազավոր շուրջ 2000 գիրք (ավելի քան 1000-ը՝ Երևանի Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանում) և շատ պատառիկներ, որոնք բովանդակում են հայ մասնագիտացված միաձայն երաժշտության դեռևս V դարից երգված բազմաթիվ ստեղծագործությունների խաղադրամներ: Դրանք, սակայն, առ այսօր լրիվ ընթեռնելի չեն, քանի որ չի հայտնաբերվել խազագրության սկզբունքը բացահայտող գրավոր շարադրված որևէ ամբողջական ուսմունք: XVI-XVIII դդ. խազերը կարդալը հետզհետե մոռացվել է (թեև երգերը շարունակել են արտագրել XVII դարից՝ նաև տպագրել), իսկ XIX դ. սկզբում դրանք իրենց տեղը զիջել են նոր-հայկական ձայնագրությանը: Խ. ուսումնասիրել են եվրոպական մի շարք գիտնականներ (Յո. Շրյոդեր, Շ. Վիլուոո, Հ. Պետերման, Ֆ. Ֆետիս, 0. Ֆլայշեր, Պ. Վագներ և ուրիշներ), առանց, սակայն, նշանակալի արդյունքի: Հայերից հետազոտել են Գ. Գապասաքալյանը, Ե. Տնտեսյանը, Կոմիտասը և մի շարք սովետական երաժշտագետներ: Խ. ընդգրկել է միմյանց հետ կապված առոգանության (տես Առոգանության արվեստ) և բուն երաժշտական երեք համակարգ: Նշանները գործածվել, կայուն ձև և տարբերակված իմաստ են ստացել աստիճանաբար: Ամեն մի հաջորդ համակարգ նոր նշանակությամբ օգտագործել է նախորդի նշանները ևս, գրառվածը մեկնաբանելիս բոլոր համակարգերում ընդունվել է որոշ նորմերով կարգավորվող հանկարծաբանական ազատություն: Առոգանության Խ. վերծանել է (հայտնաբերված հնագույն նմուշը՝ IX դ.) Կոմիտասը 1899-ին, սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները: Ըստ Կոմիտասի, ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս (կամ թվերգելիս) համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի Ելևէջներ): Կան նաև հատուկ սկզբնաձևեր և ավարտաձևեր (պատկեր К 1): Երաժշտական Խ-յան նախնական համակարգը (հնագույն նմուշը՝ IX դ.) հիմնականում նման է վաղ-բյուզանդական նևմագրությանը. տարբեր խազերի քանակը խիստ սահմանափակ է, նշանագրվել են (երգչին հիշեցնելու համար) միայն մեղեդիական գծի առանձնահատուկ բեկումներն ու հանգույցները: Հաջորդ՝ «Շարականների» (հնագույն օրինակը՝ X դ.) և «Մանրուսման» (հնագույն օրինակը՝ XII դ.) համակարգերը զարգացման ընթացքի մեջ բռնած տեղով համապատասխանում են միջին և ուշ բյուգանդական գրությանը, բայց զարգացել են այլ, ինքնուրույն հունով: Նախնականի համեմատ սրանք ավելի մշակված են, մեկում և մյուսում տարբեր խազերի քանակը զգալիորեն ավելացել է: «Մանրուսման» համակարգում, որով գրառված են Պատարագի երգերը, տաղերը, մեղեդիները, գանձարանների ու ճաշոցների ծանր-զարդոլորուն երգերը, կիրառված են շարականների խազերի բազմաթիվ նոր զուգորդումներ և հաջորդականություններ (պատկեր 2, 3, 4, 5): Խ-յան զարգացած փուլը նկատի ունենալով՝ Կոմիտասը 1910-ին ամփոփել է «խազաբանության տարրերը» (տես Կոմիտաս հոդվածում), որոնք հաստատում են, որ X—XII դդ. գրառումը ավելի ճշգրտված է եղել: Երաժշտական խազերի ուսումնասիրությունն ընթացել է հնագույն գրչագրերում նրանց մասին հայտնաբերվող տեղեկությունների պատմական հետազոտության, բուն Խ-ների ներքին օրինաչափությունների բացահայտման, ազգային մոնոդիկ երաժշտության էական տարրերի էվոլյուցիայի վերականգնման, պահպանված հայ հոգևոր երաժշտության և միջնադարյան երաժշտական գրության այլ համակարգերի հետ համադրման ու այլ ուղիներով: Պարզաբանվել են ստեղծման ժամանակը, զարգացման փուլերն ու անկման շրջանը, ճշգրտվել նշանները, հաստատվել է խազերով գրառված երգերի (մասնավորապես՝ շարականների) և 1870-ական թթ. բանավոր կատարումից Ն. Թաշճյանի վերաձայնագրած նույն երգերի զգալի համապատասխանությունը, լուսաբանվել են Խ-յան հիմնական տարրերը, որոշ խազերի նշանակության ընդհանուր բնույթը, մեղեդիների տրոհության և չափակշռութային կողմի գրանցումը, հաստատվել է երգերը վերարտադրելիս ավանդական ձայնեղանակների որոշիչ նշանակությունը, հանկարծաբանական ազատության դերը ևն: Խազերի վերծանումը կարևոր է ոչ միայն հայկ., այլև ողջ մերձավոր-արևելյան միջնադարյան երաժշտության և համաքրիստոնեական եկեղեցական երաժշտության վաղ շրջանների ուսումնասիրման առումով: Խ-յան նմուշներ տես ՀՍՀ, հ. 2, էջ 687 և հ. 3, էջ 216:
Գրկ. Խաչատուր Էրզրումեցի, Համառօտական իմաստասիրութիւն…, հ. 2, Վնտ., 1711, էշ 529—35: Գապասաքալյան Գ., Գրքոյկ, որ կոչի նուագարան, ԿՊ, 1794: Տնտեսյան Ե., Տեսությունդ Շարականի երգոց խազերուն, «ժամանակ», 1864, 45 (հավելված): Նույնի, Նկարագիր երգոց…, ԿՊ, 1874: Կոմիտաս. Շարականի խազերի նշանակությունը, տես նրա «Յոդվածներ և ուսումնասիրություններ», Ե.1941: Աթայան Ռ., հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959: Թահմիզյան Ն., Հիմնական խազերի միակցությունը, «ԲՄ», 1969, 9: Նույնի, Պարզագույն խազագրությունների վերծանության փորձ, «ՊՐՏ», 1971, N 2: Նույնի, խազագրության արվեստը իր պատմական զարգացման մեջ, «PLT», 1977, 12: А тая н Р., Армянская средневековая нотопись, «Музыка народов Азии и Африки», 2., М., 1973 Тагмизян Н., Теория музыки в древней Армении, Е., 1977 Komitas Kevorkian, Die armenische Kirchenmusik «Sammelbande der Internationale Musikgeschaft», 1899, Heft 1, Wellesz E., Die armenische Messe und ihre Musik, «Jahrbuch des Musikbibliothek Peters, fur 1920», Lpz., 1921 Ataian R., Armenische Chasen, «Beltrage zur Musikwissenschaft», (В.), 1968, Heft 1 2 Tahmi z ian N.., Les anciens manuscrits Musicaux Armeniens, «Revue des Etudes Armeniennes», (P.), 1970,t. 7.
Ռ. Աթայան
