ՀՍՀ/ԽԱԶԱՐՆԵՐ
ԽԱԶԱՐՆԵՐ, թյուրքական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդ: Հոների արշավանքներից (IV դ.) հետո ներխուժել են Արևելյան Եվրոպա, ապա՝ բնակվել Արևմտյան Մերձկասպյան երկրամասերում՝ Սուլակ գետի (Հյուսիսային Դաղստան) և ստորին Վոլգայի միջև: 560-ական թթ. ենթարկվել են Թյուրքական խաքանությանը, որի անկումից հետո, VII դ. 2-րդ կեսին, ստեղծել են խազարական խածանությունը: Ապրում էին վաչկատուն կյանքով, հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր: VIII դ., տոհմական կարգերի քայքայման և վաղ ֆեոդալական հարաբերությունների ձևավորման պայմաններում, Խ-ի մի մասը դարձավ նստակյաց և սկսեց զբաղվել երկրագործությամբ: VIII դ. վերջին Խ. ընդունեցին մահմեդականություն, իսկ I-ազարական խաքանության կործանումից (965) հետո աստիճանաբար տարրալուծվեցին թուրք-պոլովեցական ցեղերի մեջ: Հայ մատենագրության մեջ Խ. հիշվում են խազիրք ձևով: Առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին: Նրանց մասին տեղեկություններ կան նաև VII դ. «Աշխարհացոյց»ում, Մովսես Կաղանկատվացու և ուրիշների մոտ: 552-ին Խ. ներխուժեցին Աղվանք և ասպատակեցին Հայաստանի հս-արլ. շրջանները: 626-ին և 627-ին, դաշնակցելով Բյուզանդիային ընդդեմ Իրանի, ներխուժեցին Կովկաս, 630-ին գրավեցին և ավերեցին Թիֆլիսը, թափանցեցին Աղվանք: Նույն թվականին նրանք արշավեցին Հայաստան և Սևանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեցին պարսկական զորքին, սակայն շատով վերադարձան Խագարիա՝ այնտեղ բռնկած ներքին խռովությունների պատճառով: IX դարից Խ. դադարել են արշավել Հայաստան, Վրաստան և Աղվանք:
Գրկ. Артамонов М. И., История хазар, Л., 1962 Плетнева С.А., Хазары, М., 1976.
