Jump to content

ՀՍՀ/ԽԱԶԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԶԵՐ (խազ՝ գիծ, գիր), հայկական միջնադարյան երաժշտական գրության նշանները, որոնցով, տարբեր համակարգերում տարբեր մանրամասնությամբ, հաստատագրվել են հոգևոր, մասամբ աշխարհիկ մեղեդիները: Բնույթով հարում են նևմային գրության նշաններին (տես Նևմեր), սակայն ձևերով, անվանումներով և նշանակությամբ ինքնուրույն են: Գրվել են գրական տողից վեր՝ եթե մեկ վանկին մեկ-երկու խազ է ընկնում, և տողում՝ եթե մեկ վանկի Խ. շատ են: Լայն առումով Խ-ի մեջ ընդգրկում են նաև հայերենի առոգանության և տրոհության նշանները (տես Առոգանության արվեստ), այբուբենի այն բաղաձայններն ու կիսաձայնը, որոնք երաժշտական համակարգերում կիրառվել են որպես լրացուցիչ նշումներ և մոնոդիկ երաժշտության ձայնեղանակների տառային նշումները, որ կոչվել են «բանալի խազեր»: Խ-ի քանակը, ձևերը, անվանումները և ղրանց վերագրած նշանակությունները ժամանակի ընթացքում փոփոխվել են (տես Խազագրություն): Խ-ից մի քանիսն օգտագործվել են նոր-հայկական ձայնագրության համակարգում:

Ռ. Աթայան