Jump to content

ՀՍՀ/ԽԱԹՐԱՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԹՐԱՎԱՆՔ, Խադավանք, ճարտարապետական հուշարձան ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Վաղահաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափին: Հիմնադրվել է վաղ միջնադարում: XII դ. ավերվել է երկրաշարժից, ապա՝ սելջուկների արշավանքից: Համալիրի այժմյան եկեղեցին 1204-ին կառուցել է Հովհաննես եպիսկոպոս Խաչենեցին: Եկեղեցին հորինվածքով բացառիկ է հայ ճարտ-յան մեջ՝ զուգակցում է նաև գավիթներին բնորոշ առանձնահատկություններ: Հատակագծում ասիմետրիկ է, աղոթասրահի մեջ ներառված են ուղղանկյուն բեմ ունեցող միանավ թաղածածկ երկու մատուռներ: Գմբեթը թմբուկ չունի (ինչպես գավիթներում) և բարձրանում է չորս տարբեր կտրվածքներով (ուղղանկյուն, ութնիստ, խաչաձև) քարե սյուների վրա: Սյուների խարիսխներին քանդակված են ավետարանիչների խորհրդանշանները: Եկեղեցուն հս-ից կից է երկհարկ զանգակատունը: Համալիրից հս. և արլ. վանքի բնակելի ու տնտեսական շենքերն են: XIII դ. Խ-ում հավաքել են գավառի ավերված եկեղեցիների արձանագրություններ, խաչքարեր, քանդակներ, և Խ. դարձել է միջնադարյան Հայաստանի հնագույն, եզակի թանգարանն ու մատենադարանը:

Բ. Ուլուբաբյան, Մ. Հասրաթյան