Jump to content

ՀՍՀ/ԽԱԼԱԹՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԼԱԹՈՎ (Խալաթյանց) Արտաշես (Արտեմի) Բագրատի 14(27).4.1896, Բաքու —27.10.1938, Մոսկվա, հայ սովետական կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ՝ 1917-ից: 1912—17-ին սովորել է Մոսկվայի առևտրի ինստ-ում: Ուսանելու տարիներին անդամակցել է ուսանողական հեղափոխական խմբակներին: Մասնակցել է 1917-ի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո եղել է Մոսկվայի պարենի և տրանսպորտի արտակարգ կոմիսար (1918-ի սկզբից) և ՌՍՖՍՀ մատակարարման ժողկոմատի կոլեգիայի անդամ: 1919-ի նոյեմբերից Լենինի առաջարկով Խ. նշանակվել էր Կարմիր բանակի և նավատորմի պարենային ու առաջին անհրաժեշտության առարկաների մատակարարման գլխավոր վարչության պետ: 1921—31-ին նա ժողկոմխորհին կից գիտնականների կենցաղը բարելավող կենտրոնական հանձնաժողովի (ՅԵԿՈԻԲՈՒ) նախագահն էր. միաժամանակ (1922—29) գլխավորել է պարենի ժողկոմատին կից բանվորական մատակարարման հանձնաժողովը և ժողովրդական սննդի ընկերությունը: 1922—1927-ին և 1932—35-ին Խ եղել է նաև հաղորդակցության ճանապարհների ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1927—32-ին՝ Պետական հրատարակչության վարչության նախագահ և լուսժողկոմատի կոլեգիայի անդամ: 1927—29-ին նա միաժամանակ Գ. Վ. Պլեխանովի անվ. ժողովրդական տնտեսության ինստ-ի ռեկտորն էր: 1935-ից՝ գյուտարարների համամիութենական ընկերության նախագահը: Եղել է կոմկուսի XIV, XV, XVI համագումարների պատգամավոր և Համա-ռուսաստանյան Կենտգործկոմի ու ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ

Երկ. К вопросу о политике заработной платы, М., 1923 Ленин о производительности труда, Л., 1925.

Գրկ. Մնացականյան Ա. Ն., ՜Հոկտեմբերի բարիկադների վրա, Ե., 1967: Мнацаканян А. Н., Саакян Л. А., Документы о государственной деятельности А. Б. Халатова, «ԲՀԱ», 1963, 2.

Ա. Մնացականյան