ՀՍՀ/ԽԱԼԴԱՅՆԵՐ
ԽԱԼԴԱՅՆԵՐ, խալիբներ, խալյուբներ, Խաղտիք երկրի բնակչության անվանումը մ. թ. ա. 1-ին հազարամյակում: Ըստ Քսենոփոնի, սակավահող ու աղքատ Խ., որոնց չափահաս բոլոր այրերը կրում էին նիզակներ և ճյուղերից հյուսած վահաններ, հաճախ տրվում էին վարձկանության հարևան երկրների, գլխավորապես Պարսից և Հայոց բանակներում: Այդ ռազմասեր լեռնականները պատեհ առիթներով խուժում էին Հայաստանի սահմանամերձ շրջանները, կողոպտում երկրագործ հայերին և արագորեն ապաստանում լեռների ծերպերին կառուցած իրենց ամրություններում: Քսենոփոնը վկայում է, որ մ. թ. ա. VI դ. 1-ին կեսին Պարսից զորավար Կյուրոս Աքեմենյանի միջամտությամբ հայերը համաձայնել են օգտվել Խ-ի լեռնային արոտավայրերից, իսկ Խ.՝ հայերի երկրագործական արդյունքներից: Հին հունական հեղինակները ավանդաբար Խ-ին համարում են առաջին մետաղագործները, նրանց վերագրում պողպատի գյուտը (հին հուն, «պողպատը» կոչվել է «խալյուֆ»): Որոշ ուսումնասիրողներ (Լեհման-Հաուպտ, Հ. Մանանդյան և ուրիշներ) սխալմամբ կարծել են, որ Խ. ուրարտացիների մնացորդներն էին, որոնց իբր հայերը մղեցին լեռները: Մինչդեռ ուրարտական պետության ժամանակ Խ, հիշվում են որպես ուրարտացիներից տարբեր ցեղախումբ:
Գրկ. Քոենոփոն, Անաբասիս, Ե., 1970: Ксенефонт, Киропедия, М., 1976 Страной, География в 17 книгах, Л., 1964 Шмидт Р. В., Металлическое производство в мифе и религии античной Греции, М., 1931 Пиотровский Б.Б., Ванское царство (Урарту), М., 1959.
