ՀՍՀ/ԽԱԼԴԱՐՅԱՆ
ԽԱԼԴԱՐՅԱՆ Գրիգոր Խոջամալի (ծն. թ. անոտ. 1787), հրատարակիչ, թարգմանիչ, բառարանագիր: Ծնվել է Նոր Ջուղայից Հնդկաստան գաղթած վաճառականի ընտանիքում: 1770-ին մեկնել է Լոնդոն, ուր մնացել է 10 տարի և փորձել իրականացնել հայկ. տպարան հիմնելու և գրքեր հրատարակելու իր երազանքը: Ձուլել տալով հայերեն տառեր՝ 1780-ին անգլ. մի տպարանում հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ» գիրքը: Նույն թվականին տեղափոխվել է Պետերբուրգ և 1781-ին լույս ընծայել Ռուսաստանում առաջին հայերեն գիրքը՝ «Այբբենարան»ը: Հետագա տարիներին հրատարակել է ևս 10 գիրք: «Պատմութիւն ս. գրոց» (1785) և «Գիրք, որ կոչի վէմ գայթակղութեան» (1786) գրքերի վերջին էջերում զետեղված են նրա թարգմանած «Յաղագս իրաւանց» և «Յաղագս նախանձաւորութեան» բարոյախոսական գրվածքները: Նրան է պատկանում Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքի ռուս, թարգմանությունը: Կազմել է «Գիրք որ կոչի շաւիղ լեզուագիտոլթեան» հայ-ռուսերեն համառոտ բառարանը, որը լույս է տեսել մահվանից հետո (1788):
Գրկ. Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, էջ 177 Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, էջ 164: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Հ. Դավթյան
