ՀՍՀ/ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ, միջազգային մասսայական շարժում ընդդեմ պատերազմի և միլիտարիզմի: Միավորում է խաղաղությունը պաշտպանելու պատրաստակամ մսրդկանց՝ անկախ նրանց ազգային, քաղ և կրոնական պատկանելությունից: Առաջացել է երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—45) հետո, միջազգային դրության խոր փոփոխությունների պատճառով, երբ խաղաղության ուժերը սկսեցին ակտիվանալ՝ հենվելով համաշխարհային սոցիալիստական սիստեմի երկրների, խաղաղասեր մյուս պետությունների, կոմունիստական և բանվորական կուսակցությունների, ազգային-ազատագրական շարժումների և բոլոր երկրների ժող. զանգվածների աջակցության վրա: 1948-ին Վրոցլավում (Լեհաստան) տեղի ունեցավ մշակույթի գործիչների խաղաղության պաշտպանության համաշխարհային կոնգրես, որն արտահայտվեց բոլոր երկրներում խաղաղության կողմնակիցների ջանքերի միավորման օգտին: 1949-ի ապրիլին կայացավ (Փարիզում և Պրագայում միաժամանակ) խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրես, որին մասնակցում էին 72 երկրների պատվիրակներ: Կոնգրեսը նշեց, որ խաղաղության համար պայքարը դառնում է բոլոր ժողովուրդների ընդհանուր գործը և զգոնության կոչ արեց: Այն ստեղծեց խաղաղություն կողմնակիցների համաշխարհային կոնգրեսի մշտական կոմիտե, 1950-ի նոյեմբերից՝ Խաղաղության համաշխարհային խորհուրդ (ԽՀԽ)՝ Ֆ. Ժոլիո Կյուրիի նախագահությամբ: Պատերազմի հրձիգների դեմ ամենօրյա պայքարի ընթացքում մշակվել են Խ կ. շ-ման սկզբունքները, մասսայական ոչնչացման զենքի արգելում և սպառազինությունների մրցավազքի դադարեցում, ուրիշ տերիտորիաներում գտնվող օտարերկրյա ռազմ, բազաների վերացում, զինաթափում, գաղութատիրության և ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացում, պետությունների տերիտորիալ ամբողջականության հարգում, տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցություն ևն: Հայտնի են խաղաղության կողմնակիցների 1950-ի ն 1976-ի Ստոկհոլմյան կոչերը, որոնք պահանջում էին արգելել ատոմային զենքն ու դադարեցնել սպառազինությունների մրցավազքը: Կոչերը ստորագրեց մոտ մեկ մլրդ մարդ: 1949-ին, Հյուսիս-Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծումից հետո, խաղաղության կողմնակիցները ծավալեցին կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու կամպանիա: Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսը (1950-ի նոյեմբ. 16—22, Վարշավա) դիմեց բոլոր երկրների կառավարություններին՝ խաղաղությունը պաշտպանելու և պատերազմի պրոպագանդան արգելելու կոչով: Սոցիալիստական երկրների բարձրագույն օրենսդիր մարմինները 1950-ական թթ. ընդունեցին համապատասխան օրենքներ: 1951-ի մարտի 12-ին ՍՍՀՄ-ում ընդունված Խաղաղության պաշտպանության մասին օրենքի մեջ մասնավորապես նշվում է, որ պատերազմի պրոպագանդայի մեջ մեղավոր մարդիկ դիտվում են որպես պատերազմական հանցագործներ: 1951-ի փետրվարին ԽՀԽ-ի նստաշրջանը դիմեց հինգ մեծ տերություններին (ՍՍՀՄ, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)՝ կոչ անելով կնքել խաղաղության պակտ: Խ. կ. շ-ման գործունեության կարևոր մասը Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ագգային-ազատագրական շարժմանն ու ներգաղութականության դեմ մղվող պայքարին աջակցելն է: Մի շարք երկրներում (Բրազիլիա, Իսպանիա ևն) խաղաղության կողմնակիցների գործունեությունն արգելված է: Միջազգային կոմունիստական շարժումը խաղաղության համար մղվող պայքարը իր կարևոր խնդիրն է համարում: Կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1957-ի, 1960-ի խորհրդակցությունները նշեցին, որ խաղաղության համար պայքարող բոլոր ուժերի միավորումը, անկախ նրանց քաղ. պատկանելությունից, կարող է դառնալ անհաղթահարելի խոչընդոտ պատերազմի հրձիգների ճանապարհին: 1974-ի ապրիլի 25-ին լրացավ խաղաղության մարտիկների շարժման քառորդ դարը: Այդ կապակցությամբ ԽՀԽ-ի կոչով շատ երկրներում անցկացվեցին մի ամսյակներ, տեղի ունեցան խաղաղասեր ուժերի գործունեությանը նվիրված ժոդովներ, սիմպոզիումներ, կոնֆերանսներ, որոնց մասնակիցները ամփոփեցին խաղաղության միջազգային շարժման հաջողությունները, նշեցին արդի ժամանակաշրջանում նրա խնդիրները:
