ՀՍՀ/ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ԽՀԽ), խաղաղության կողմնակիցների շարժման բարձրագույն և ղեկավար մարմինը: Ստեղծվել է 1950-ի նոյեմբերին, Վարշավայում՝ Խաղաղության կողմնակիցների համաշխարհային II կոնգրեսում: ԽՀԽ ուղղություն է տալիս և կոորդինացնում տարբեր երկրների խաղաղության կողմնակիցների գործունեությունը՝ համաշխարհային նոր պատերազմը կանխելու, ժողովուրդների միջև փոխըմբռնումը և համագործակցությունը ամրապնդելու նպատակով, պայքարում է հանուն ընդհանուր զինաթափման, պաշտպանում է ագգային անկախության համար ժողովուրդների պայքարը: Հաճախ հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակիցների շարժման կարևոր միջոցառումների նախաձեռնող ու կազմակերպիչ և համագործակցում է միջազգային այլ խաղաղասեր կազմակերպությունների հետ: Խաղաղության պայքարի գործին մատուցած ակնառու ծառայությունների համար ԽՀԽ առանձին մարդկանց և կազմակերպությունների պարգևատրում է Ժոլիո-Կյուրիի անվ. խաղաղության ոսկե մեդալով: ԽՀԽ նստաշրջաններ է ունենում 2—3 տարին մեկ: Խորհրդի ղեկավար մարմիններն են՝ Նախագահությունը (ստեղծվել է 1959-ին՝ ԽՀԽ-ի նախագահ Ֆ. ժոլիո-Կյուրիի մահից հետո) և Քարտուղարությունը՝ գլխ. քարտուղարի ղեկավարությամբ (1966-ից՝ Ռ. Չանդրա, Հնդկաստան): Քարտուղարության նստավայրը Հելսինկին է: 1959—65-ին ԽՀԽ-ի գործադիր նախագահն է եղել Զ. Բեռնալը, 1965—1969-ին կոորդինատոր նախագահը՝ Ի. Բխումը: ԽՀԽ հրատարակում է «Խաղաղության սուրհանդակ» (անգլ., ֆրանս., գերմ. և իսպ.) և «Նոր հեռանկարներ» (անգլ. և ֆրանս.) ամսագրերը:
