Jump to content

ՀՍՀ/ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԿԱՄՊԱՆԻԱՆԵՐ 1941—45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԿԱՄՊԱՆԻԱՆԵՐ 1941—45, ռազմական գործողություններ Ճապոնիայի և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զինված ուժերի միջև 1939—45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Խաղաղ օվկիանոսում, ինչպես և Հնդկաչինում, Բիրմայում, Չինաստանում: Տեղի են ունեցել 3 Փուլով. 1941—42-ի կամպանիան սկսվել է 1941-ի դեկտ. 7-ին ճապոնական ավիացիայի հանկարծակի հարձակմամբ Փյուռլ-Հարբորում (Հավայան կղզիներ) և ճապոնական զորքերի ներխուժմամբ Թաիլանդ և Մալայա, որի հետևանքով ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմը փաստորեն շարքից դուրս եկավ, և ճապոնացիները ռազմ, գերակշռություն ստացան: Թաիլանդը դաշինք կնքեց Ճապոնիայի հետ և պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային: Մի քանի հաջող օպերացիաներից հետո Ճապոնական զինված ուժերը գրավեցին Սինգապուրը, Մանիլան, Ռանգունը, Ճավա, Բոռնեո, Ցելեբես, Բալր, Սումատրա, Նոր Գվինեա (արմ. և կենտրոնական մասերը), Զիլբերտի կղզիները, Սոդոմոնյան կղզիների մեծ մասը ևն: Բայց պարտվեցին Միդուեյ ատոլի մոտ և անցան պաշտպանության: 1942—43-ի կամպանիայի ընթացքում տեղի ունեցան մի քանի մասնակի օպերացիաներ (Նոր Գվինեա, Սոդոմոնյան կղզիներ): 1943-ի ամռանը ԱՄՆ ու դաշնակիցներն անցան հարձակման և համառ մարտերից հետո գրավեցին Ջիլբերտի և Սոդոմոնյան կղզիները, Նոր Բրիտանիա կղզու արմ. մասը, Նոր Գվինեայի հվ-արմ. մասը: Հյուսիսում ամերիկյան զորքերը վերադարձրին Ալեության կղզիները: 1943-ին Խաղաղ օվկիանոսում բեկում մտավ պատերազմի մեջ: ԱՄՆ և Մեծ Բրիտանիան հօգուտ իրենց փոխեցին ուժերի հարաբերակցությունն ու իրենց ձեռքը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը: 1944—45-ի կամպանիայի ընթացքում ամերիկյան զորքերը գրավեցին Մարշալյան և Մարիանյան կղզիները, Հյուսիսային Բիրմայի մեծ մասը: Ճապոնական զորքերը որոշ հաջողության հասան Չինաստանում, բայց ստրատեգիական իրադրությունը 1944-ի վերջում փոխվեց հօգուտ դաշնակիցների: Ֆիլիպինյան ափհանման օպերացիան ավարտվեց հաջողությամբ, և 1945-ի մարտին ամերիկյան զորքերը գրավեցին Մանիլան: Մեծ գերակշռություն ունենալով (հատկապես նավերի և ավիացիայի)՝ ամերիկյան զինված ուժերը 1945-ի ծանր մարտերից հետո կոտրեցին ճապոնական զորքերի դիմադրությունը և գրավեցին Իվոձիմա և Օկինավա կղզիները: Դաշնակից զորքերը պատրաստվում էին ներխուժելու բուն ճապոնական կղզիները: Բայց ՍՍՀՄ-ի՝ պատերազմի մեջ մտնելը (1945-ի օգոստ. 9) անիմաստ դարձրեց պատերազմի շարունակումը ճապոնացիների համար: 1945-ի օգոստ. 6-ին և 9-ին, առանց ռազմ. անհրաժեշտության, ԱՄՆ ատոմային ռումբեր նետեց Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Մանջուրական օպերացիայի ընթացքում սովետական զորքերը ջախջախեցին ճապոնական Կվանտունյան բանակը, Ճապոնիան հարկադրված զենքը վայր դրեց (1945-ի սեպտ. 2): Խ. կ-ի ընթացքում ճապոնական զինված ուժերը կորցրին 893 հզ. սպանված, 11 գծանավ, 21 ավիակիր, 39 հածանավ, 130 ականակիր և 130 սուզանավ, ԱՄՆ համապատասխանաբար՝ 160 հզ. զինվոր, այդ թվում՝ 29 հզ. սպանված, 2 գծանավ, 11 ավիակիր, 10 հածանավ, 70 ականակիր, 56 սուզանավ: