Jump to content

ՀՍՀ/ԽԱՂԲԱԿՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂԲԱԿՅԱՆՆԵՐ, Հաղբակյաններ, Պռոշյաններ, իշխանական տոհմ միջնադարյան Հայաստանում: Սերվել է Արցախի Առանշահիկ նախարարական տնից: Տոհմի անմիջական նախնի Խաղբակ և Ներքին Խաչենի տեր Վախթանգյաններից էր, հիշված X դ. վավերագրերում: Խաղբակ Ա-ի, նրա որդի Դլենի, թոռ Խաղբակ Բ-ի և հաջորդների հայրենի տիրույթները (Գեռաքար գյուղը և շրջակաները) Ներքին Խաչենի Մեծառանք գավառում էին գտնվում, սակայն նրանք կալվածքներ ունեին նաև Խաչենագետի աջ ափին, Կարկառի միջին ավազանում (մինչև Հարավ գյուղը, այժմ՝ Ստեփանակերտի շրջանում) և նույնիսկ Սյունիքում: XII դ. վերջին տոհմի ներկայացուցիչները մասնակցել են սելջուկ-թուրքերի դեմ մղված ազատագրական մարտերին: Մխիթար Այրիվանեցին վկայում է, որ Հայաստանի կենտրոնական մասի քաղաքների ու բերդերի համար մղված ճակատամարտերում աչքի է ընկել Խաղբակ Բ-ի որդի Վասակն իր որդիներ Պապաքի, Մկդեմի ու Պռոշի հետ, որի համար Հայաստանի իշխանապետներ Զաքարյաններից 1201—1203-ին ժառանգական տիրակալության իրավունքով նոր տիրույթներ է ստացել Գառնիի կողմերում ու Վայոց ձորում և նշանակվել կուսակալ՝ «ի Գառնոյ մինչև ի Բարգուշատ»: Խ. հիշյալ տարածքում բարեշինել և ամրացրել են Սրկղունք (հետագայի Բաշքենդ, այժմ՝ Վերնաշեն) ավանը Բոլորաբերդով և այն դարձրել իշխանանիստ: Իրենց հոգևոր կենտրոններ են ճանաչել Դեղարդավանքը (Այրիվանք), Կեչառիսը, Գլաձորը, Թանատի (Թանահատ) վանքը, Ոծոպն ու Կոլքիե, նորոգել հին եկեղեցիները, կառուցել նորերը և զարկ տվել հոգևոր-մշակութային կյանքի զարգացմանը: Մինչմոնղ. և մոնղ, տիրապետության հաստատման շուրջ կեսդարյա ժամանակաշրջանի Հայաստանի քաղ. ու մշակութային պատմության ուշագրավ երևույթներից է Վասակի կրտսեր որդու՝ Պռոշ-Հասանի գործունեությունը (1223—84): 1228-ին նա ջարդել է Ջալալ-Էդ-Դինի խորեգմյան հրոսակներին և ազատագրել Դվինը, իսկ մոնղոլների օրոք բազմաթիվ արիություններ է գործել, որի համար գովերգվել է XIII դ. բանաստեղծ Խաչատուր Կեչառեցու տաղերում: Հատկապես նշանակալից է Պռոշի շինարարական գործունեությանը: Նա հովանավորել է հայ ճարտ-յան անզուգական կոթողներ Գեղարդավանքի վիմափոր տաճարների ու Վայոց ձորի Թանատի վանքի կառուցումը: Պռոշի դերն ու ծառայություններն այնքան մեծ էին ժամանակի հայ իրականության մեջ, առանձնապես Խ-ի իշխանության քաղ. ու մշակութային կյանքում, որ նրա անունը կպավ հին տոհմանվանը (Խաղբակյան-Պռոշյան)՝ հաճախ նույնիսկ միայնակ փոխարինելով նրան (Պռոշյան): Հետագա դարերի պատմությունը ևս հիշում է Խաղբակյան-Պռոշյան տոհմի շառավիղների ակնառու ծառայությունները երկրի վարչա-քաղաքական ու մշակութային կյանքում: Գլաձորի համալսարանի տնօրինությունը, Կեչառույքի ու Գեղարդի վանքերի անխաթար կյանքը տոհմի մշակութային գործունեության լուսավոր էջերից են: Տոհմի ներկայացուցիչներ Խաչատուր Կեչառեցին, Զաքարիա Գնունյանց եպիսկոպոսը (XVI դ.), XV—XVH դդ. Գեղարդավանքի վանահայրերը և ուրիշներ պայծառ հետք են թողել ուշ-միջնադարյան հայ մշակութային կյանքում: Տոհմի վերջին շառավիղներից է Իսրայել Օրին (1659—1711):

Գրկ. Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մ., 1860: Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1—3, Վաղ-պատ—Նյու Յորք, 1928—Հ 2 3: Բ. Ուլուբաբյան