Jump to content

ՀՍՀ/ԽԱՂԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂԵՐ Ժողովրդական, սերնդե սերունդ ավանդաբար հաղորդվող հասարակական ժամանցի ձևեր: Այլաբանորեն արտահայտում են հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, կենցաղային, ծիսական, սովորութային և այլ երևույթներ, մարդու գործունեությունը վերարտադրելով զանազան կերպավորումներով: Լինում են թատերա-կրկեսային, սպորտային (տես Սպորտային խաղեր), ռազմ., ծիսական, կենցաղային, մտավոր և այլ բնույթի: Լայն առումով ընդգրկում են նաև երգերը, պարերը, կատակները, ծաղր ու ծանակը: Երբեմն միանգամից ներկայացնելով հասարակական կյանքի մի քանի բնագավառ՝ ուղեկցվում են ասմունքով, երգերով ու պարերով: Կատարման բարդությամբ համապատասխանում են տարբեր սեռա-տարիքային խմբերի, ըստ այդմ, նպաստում նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացմանը և նախապատրաստում անցումը հաջորդ հասակային դասին: Երբեմն միևնույն խաղը ազգագրական տարբեր շրջաններում կատարվում է տեղական դրսեվորումներով: Հայաստանում Խ. ընթացել են խիստ մշակված կանոններով, որոնք ժամանակի ընթացքում, մասնակիցների փոխադարձ պայմանավորվածությամբ, փոփոխվել են: Սակայն կանոնների միտումնավոր խախտումները (հատկապես ռազմա-սաորտային խաղերում), ենթարկվելով հասարակական պարսավանքի, կանխվել են: Կանոնները, անհատի մեջ զարգացնելով բարոյական բարձր հատկանիշներ (հայրենասիրություն, ազնվություն, մարդասիրություն, ընկերասիրություն, նվիրվածություն են), նպաստել են մարդու բարոյական կերպարի ձևավորմանը: Տարվա տարբեր եղանակներին (դրանցից բխող պայմանների համապատասխան) կատարվել են տարբեր Խ.: Ձմռանը գերակշռել են օդաներում և հասարակական այլ վայրերում կատարվող մտավոր խաղերը, գարնանը և ամռանը՝ հիմնականում կրոնական և ժող. տոներին (զատիկ, համբարձում, բարեկենդան ևն) կատարվող սպորտային, կրկեսային և այլ խաղեր: Հայկ. Որոշ Խ-ում արտացոլվել է դեռևս տոհմացեղային հասարակությունում սկզբնավորված հասակակիցների միությունների գործունեությունը, որ հատկապես ցայտուն է դրսևորվել պատանիների ու աղջիկների խմբերում: Տոհմի ներսում հասակային միությունները կերակրելու, խնամելու պարտականությունը, աստիճանաբար կորցնելով անհրաժեշտությունը, փոխվել է որոշակի օրերի (կաղանդի, բարեկենդանի, ծննդյան և այլ տոների) խաղացող խմբերի զվարճության համար ժողովրդից սննդամթերք և դրամ հավաքելու սովորույթով, որը կատարվում էր հատուկ արարողությամբ Խ. արտացոլել են նաև նվաճողների և շահագործողների դեմ մղած պայքարի տեսարաններ: Դրանք, նույնպես կատարվելով հիմնականում տոներին, ընդ որում՝ դիմակավորված, եղել են կիսակրկեսային, կիսակատակային յուրօրինակ ներկայացումներ, որոնցում այլաբանորեն բացահայտվել է ժողովրդի ատելությանն արժանացած անձանց (խաներ, փաշաներ) բացասական էությունը, ցույց տրվել ժողովրդի բարոյական բարձր հատկությունները: Այժմ որոշ Խ., մասնագիտորեն մշակվելով, վերածվում են պարերի, կրկեսային համարների և սպորտային խաղերի:

Գրկ. Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, հ. 1, Ե., 1963: