ՀՍՀ/ԽԱՂՈՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՂՈՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ամպելոգրաֆիա, գիտության խաղողի տեսակների և սորտերի, դրանց հատկանիշների փոփոխման մասին՝ կապված արտաքին պայմանների և մարդու նպատակաուղղված գործունեության հետ: Որպես կիրառական բուսաբանության ինքնուրույն բնագավառ ձևավորվել է XIX դ.: 1873-ին Վիեննայում ստեղծվեց Խ-յան միջազգային հանձնաժողով, որը սահմանեց խաղողի սորտերի նկարագրման միատեսակ համակարգ: Տարբերում են ընդհանուր 1., որն ուսումնասիրում է խաղողազգիների ընտանիքի կարգաբանության, ծագման, տարածման, տեսակների և սորտերի փոփոխման հարցերը, և մասնավոր Խ., որն զբաղվում է խաղողի սորտերի և կլոնների (մեկ անհատի գենետիկորեն միասեռ վեգետատիվ սերունդ) բուսաբանական նկարագրությամբ, դրանց կենսաբանական ու տնտ. բնութագրով: Խ. մշակում է գիտական հիմնավորումներ խաղողի սելեկցիայի և սորտաշրջանացման, նոր շրջաններում խաղողի մշակույթի տարածման, սորտերի ծագման ու դասակարգման համար: ՍՍՀՄ-ում 1946—70-ին հրատարակվել է «ՍՍՀՄ ամպելոգրաֆիա» 10-հատորանոց կապիտալ աշխատությանը, որն ընդգրկում է Խ-յան տեսական հարցերը և երկրի տնկարկներում եղած շուրջ 2800 սորտերի ու կլոնների, այդ թվում նաև՝ հայկ. խաղողի 171 սորտերի նկարագրությունը: ՀՍՍՀ-ում Խ-յան աշխատանքները սկսվել են 1930-ից, 1943-ից ուսումնասիրվել են խաղողի հինավուրց, քիչ տարածված կամ մինչ այդ անհայտ մնացած սորտերն ու կլոնները, ինչպես նաև հայկ. նոր սորտերը: Հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (Ե., 1947— 1962, հ. 1—2) աշխատությունը, ուր նկարագրված են 247 տեղական հին և նոր. մասամբ նաև բերովի սորտեր: Հայկ. խաղողի 26 սորտեր նկարագրված են նաև Միջազգային գրանցման մատյանում, իսկ հայկ. խաղողի 21 հին և սելեկցիոն նոր սորտեր՝ «ՍՍՀՄ խաղողի լավագույն սորտերը» ալբոմում (Մ., 1972):
