ՀՍՀ/ԽԱՂՏԻՔ
ԽԱՂՏԻՔ, խաղտյաց երկիր, Խաղտյաց աշխարհ, Խաղտյաց գավառ, պատմական երկիր Փոքր Ասիայում, հին և միջին դարերում: Խ. հույները կոչել են Խալիբ կամ Արմենոխալիբ, իսկ բնակիչներին՝ արմենոխալիբներ: Գտնվում էր Սև ծովի հվ-արլ. ափին: Խ-ի սահմանները եղել են հվ-ից՝ Բարձր Հայքի Սպեր, արլ-ից՝ Տայքի Ոքաղե և Արսեաց Փոր գավառները, հս-արմ-ից՝ Պոնտական Կապադովկիան: Խ-ի տարածքը համապատասխանում է Լազիստանին (Թուրքիա): Խ. հս-ից շրջապատված է Պարխարի ու Համշենի, իսկ հվ-ից՝ Դերջանի լեոներով, որոնց միջև ընկած տարածքը կոչվել է նաև Խաղտո ձոր, որտեղից հոսում է Ճորոխ (Ակամսիս) գետը: Չնայած Խ. վարչականորեն չի մտել Մեծ Հայքի կազմի մեջ, բայց հնում որոշ ժամանակ ենթարկվել է հայկ. պետությանը և, սահմանակից լինելով Բարձր Հայք և Տայք նահանգներին, միշտ բնակեցված է եղել հայերով, ընդհուպ մինչև 1915-ի Մեծ եղեռնը: Արտաշեսյանների պետության վերացումից հետո Խ. ընկավ Պոնտոսի պետության, Սասանյան Պարսկաստանի և Հռոմի տիրապետության տակ: Այնուհետև Խ. տիրել են բյուզանդացիները, սելջուկները, օսմանյան թուրքերը (XVI դ.): Հետագա դարերում այստեղ բնակվել են նաև թուրքեր: Հայ մատենագիրները, ի նկատի ունենալով Խ-ի խիտ անտառներն ու խոնավ կլիման, այն կոչել են «անլոյս երկիրն Խաղտեաց»:
Գրկ. Ինճիչյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս I, Ասիա, հ. I, Վնտ., 1806, էջ 378-440:
