ՀՍՀ/ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Խամսայի երկիր ( արաբ, խամսա—հինգ), նախկին Խաչենի իշխանության տարածքում գոյացած հինգ մելիքությունների զինական դաշնակցությունից առաջացած հայկական իշխանությունների ընդհանուր անվանումը: Դաշնակցությունն ստեղծվել է XVII դ. վերջին և XVIII դ. սկգբին՝ ընդդեմ պարսկ. և թուրք, բռնակալությունների: Դաշնակցության մեջ մտնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, խաչենի, վարանդայի ու Դիզակի մելիքությունները, որոնք տարածվում էին Գանձակի (այժմ՝ Կիրովաբադ) գավառի սահմաններից մինչև Երասխ գետի ափերը, այսինքն՝ նախկին խաչենի իշխանության տարածքը՝ առանց Ծար ու Սոդք գավառների: Գյուլիստանն ընկած էր Կուրակ (Բյուրակ) և Թարթառ գետերի միջև: Իշխանանիստը Թալիշն էր (որից մելիքությունը կոչվում էր նաև Թալիշի) կամ Գյուլիստանը (գլխավոր ամրոցը, որն այժմ էլ համարյա անխաթար է): Իշխող տունը Մելիք-Բեգլարյաններն էին: Ջրաբերդն ընդգրկում էր Թարթառի միջին հովիտը՝ Թարթառի ու նրա Թրղի վտակի միախառնման կետում գտնվող հինավուրց Ջրաբերդ (Չարաբերդ) ամրոց-իշխանանիստով: Իշխողներն էին Խաչենի իշխանական տան մի ճյուղից՝ Հասան-Ջալալյաններից տարընձյուղած Մելիք-Իսրայելյանները: Խաչենի (բուն Խաչեն) տեր Հասան՝ Ջալալյանների տիրույթը հիմնականում Խաչեն գետի հովիտն էր, որը հվ-ում հասնում էր մինչև Բալուջա գետը: Իշխանանիստը Թարխանաբերդն (Խոխանաբերդ) էր: Վարանդան ընդգրկում էր Կարկառ գետի հովիտը՝ Բալուջայից մինչև Քիրս-Դիզափայտ լեռնագոտին: Իշխողներն էին Մելիք-Շահնազարյանները, իշխանանիստը՝ Ավետարանոց (Չանախչի) բերդ-ավանը: Դիզակն ընկնում էր Քիրս-Դիզափայտ լեռնագոտուց հվ., մինչև Երասխ գետը՝ խուդափիրինի կամրջի մոտ: Նստավայրն էր Տող (Դոդ) ավանը, իշխողները Առանշահիկ նախարարական-իշխանական տան ժառանգորդ Եսայի Աբու-Մուսեի հետնորդները՝ Մելիք-Եգանյաննեոը (Մելիք-Ավանյաններ): Ըստ ձեռագիր ու վիմագիր աղբյուրների, հիշյալ մելիքական տները հինավուրց Արցախ-Խաչենի իշխանական տան շառավիղներն էին, որոնք XVI դ. սկզբից հանդես են եկել Մելիք տիտղոսով, և որոնց իշխանությունը՝ մելիքական իրավունքները, ավելի կանոնավորվեց պարսից շահ Աբբաս I-ի օրոք՝ 1603-ից: Յուրաքանչյուր մելիքությունում վարչա-քադաքական միանձնյա գլխավորը մելիքն էր, իսկ զինական գործերը տնօրինում էին հիմնականում յուզբաշի-հարյուրապետները, որոնք սովորաբար նշանակվում էին մելիքական տան անդամներից: Խ. մ-ի զորավար-հարյուրապետները եռանդուն գործունեություն ծավալեցին առանձնապես XVIII դ. սկզբի ազատագրական շարժումների ընթացքում: Իսրայել Օրու բանագնացություններով ստեղծված և նրա գործակից, Գանձասարի կաթողիկոս կսայի Հասան-Ջալալյանի անմիջական ղեկավարությամբ բորբոքված ռուս, կողմնորոշումը ոգևորել էր Ի. մ-ի զինական ուժերին, որոնք 1720-ական թթ. արդեն ազատագրական մարտեր մղեցին պարսկ. ու թուրք, բռնագրավիչների դեմ: Գանձասարը դարձել էր Աղվանից նվիրապետությանը ենթակա հայկ. ու հայաբնակ շրջանների (Դիզակից մինչև Գանձակ, Շամախի, Շաքի) ռազմ, ու քաղ. կենտրոն, ուր գծվում ու մշակվում էին ազատագրական շարժման, պաշտպանական ճակատամարտերի ծրագրերն ու միջոցառումները: 1722-ին Եսայի կաթողիկոսի և վրաց թագավոր վախթանգ Զ-ի բանակցություններով որոշվեց վրաց. ու հայկ. զինական ուժերը միավորել ռուս, ցար Պետրոս Մեծի զորքերի հետ և ազատագրել Անդրկովկասը: Այդ նպատակով վրաց 30-հազարանոց և հայոց 10-հազարանոց զորաբանակները հանդիպեցին Գանձակի մոտ, սակայն, տեղեկանալով ռուսների առաջխաղացման դադարեցման մասին, վերադարձան իրենց երկրները: Այնուամենայնիվ, հայկ. զորքերը չընկճվեցին. համալրվելով աշխարհազորայիններով՝ Ղարաբաղից վռնդեցին իրանական զավթիչներին և ամրացան սղնախներում՝ երդվելով պայքարել մինչև վերջ: 1723-ի ընթացքում Մեծ և Փոքր սղնախները հաջողությամբ ետ մղեցին Երևանի խանի և ուրիշ զորքերի հարձակումները, իսկ նահանջողներին ջարդեցին Դիզակի Հադրութ գյուղի մոտ: Այս և հետագա մարտերում Խ. մ-ի զորքերի հմուտ ղեկավարներն էին Ավան, Թարխան, Շիրվան, Սարդիս, Բաղի, Աբրահամ յուզբաշիները: Սղնախների պայքարն ընթանում էր հաջողությամբ, սակայն 1723-ին Անդրկովկասի վրա Թուրքիայի վերստին հարձակումը անորոշ ժամանակով հետաձգեց Հայաստանի և Անդրկովկասի ազատագրումը Ռուսաստանի կողմից: Թուրքերի առաջխաղացման հետևանքով կնքվեց 1724-ի ռուս-թուրքական պայմանագիրը: Հայ ազատագրական ուժերը նորից չընկճվեցին: 1724-ին Պետրոս Մեծի բանագնաց Իվան Կարապետը Խ. մ-ի տերերին հուսադրում և հավաստիացնում էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ռազմ, աջակցություն կտրվի, միաժամանակ հայտնելով ռուս, արքունիքի պատրաստակամությունը՝ Կասպից ծովի ափերին հայերին ապահով բնակության տարածք հատկացնելու մասին: Սակայն ղարաբաղցիները պայքարը շարունակեցին տեղում: Նրանց մի ստվար զորաբանակ՝ Ավան Յուզբաշու գլխավորությամբ օգնության հասավ Մեծ Սյունիքի ինքնապաշտպանական ուժերին և միասնական ուժերով Զանգեզուրից դուրս քշեցին օտար նվաճողներին: Սակայն Խ. մ-ի ինքնապաշտպանության վիճակը ծանրացավ 1725-ից. թուրքերը տիրացան Գանձակին և շարժվեցին Ղարաբադ: Փետրվարին թուրքերի 6000-անոց բանակը տեղավորվեց Վարանդայի գյուղերում: Բայց սղնախների մարտիկները գիշերային հարձակումով ոչնչացրին նրա մեծ մասը, սպանեցին երկու փաշայի ու գերեցին մեկին: Այնուհետև մեկ տարվա ընթացքում թուրքերը չորս խոշոր հարձակում ձեռնարկեցին սղնախների վրա, բայց հաջողության չհասան: Այնուամենայնիվ պայքարը սդնախներում հետզհետե դժվարանում էր: Նրանց պատվիրակներ Անտոն քահանան ու Քյոխվա Չալաբին օգնություն հայցող թղթեր էին ներկայացնում Պետերբուրգ և ռուս. արքունիքին պատմում սղնախների պաշտպանության օրհասական վիճակի մասին: Բայց արքունիքն այդ ժամանակ հնարավորություն չուներ օգնելու: 1726-ի վերջին Գանձակում ամրացած թուրք, մեծաքանակ զորքը ՍարՄուստա-ֆա փաշայի գլխավորությամբ հարձակվեց Մեծ սղնախի Շոշու բերդի վրա: Թեև Ավան Յուզբաշու զորքերը հզոր դիմադրություն ցույց տվեցին, նույնիսկ թշնամուն ստիպեցին նահանջել՝ բերդի ստորոտում թողնելով ավելի քան 800 սպանված, սակայն, այդ ժամանակից սկսած, սղնախների զորքերն սկսեցին նոսրանալ: Ինքնապաշտպանության համար մեծ կորուստ էր Եսայի կաթողիկոսի մահը 1728-ին: Սղնախների ղեկավարներից ոմանք, հետագա դիմադրությունը համարելով անիմաստ, իրենց զինական ուժերով տեղափոխվեցին Ռուսաստան, որտեղ հասան բարձր դիրքերի՝ Փորձելով այդ ճանապարհով օգնել հայրենիքի Փրկության գործին: Այսպես կազմավորվեցին հայկ. հեծյալ էսկադրոնները՝ Սարգիս դի Գիլանենցի, Լագար Խրիստաֆորովի և այլոց գլխավորությամբ: Սակայն Խ. մ-ի զինվորությունը հիմնականում բնօրրանից չհեռացավ: Հենց նրանք էլ, հայոց մյուս զորքերի հետ, մեծապես օգնեցին Իրանի Նադիր շահին՝ 1736-ին Անդրկովկասից դուրս քշելու թուրքերին: Խ. մ. XVIII դ. 2-րդ կեսին նույնպես վճռական դեր խաղացին հակաթուրքական պատերազմներում՝ իբրև Արևելյան Հայաստանի զինվորական ուժի ատաղձ: Նրանք աչքի էին ընկնում նաև շրջահայաց դիվանագիտությամբ, պարսիկ տիրապետողների հետ երբեմն դաշնակցելով՝ անզիջում մարտեր էին մղում թուրք, կողոպտիչների դեմ և եռանդուն բանագնացությունների ու գրագրությունների միջոցով շարունակում սերտ կապերը ռուս, հրամանատարության և արքունիքի հետ՝ հույսը դնելով Ռուսաստանի ազատագրական առաքելության վրա Սակայն նրանց միասնությունը չդիմացավ ժամանակի Փորձություններին: Միասնությունը խաթարվեց ներքին երկպառակություններից, որոնք սկսվեցին Վարանդայի մելիք Հովսեփի կրտսեր եղբայր Շահնազարի տմարդի արարքով: Ուխտադրժորեն հարձակվելով Հովսեվփ տան վրա և ոչնչացնելով նրան ու նրա ընտանիքը՝ տիրացավ Վարանդային և սկսեց դաշնակիցներ Փնտրել՝ իր դեմ համախմբված մյուս մելիքների պատժից խուսափելու համար: Ինքնակոչ մելիք Շահնագար Բ-ի այս քայլից մեծապես օգտվեց վաչկատուն թուրք, ջիվանշիր ցեղի մի ճյուղի՝ սարշալըների ցեղապետ Փանահը, որը որոշել էր նստակեցության անցնել և հիմնել մեծ իշխանություն: Նրա նախկին փորձերը՝ ամրանալու Դաշտային Ղարաբաղի Բայաթ վայրում, ապա՝ Արցախի հին Տիգրանակերտի (Թառնագյուտ կամ Թարանակյուրտ) ավերակներում, մատնվել էին անհաջողության՝ հարևան իշխանությունների, հատկապես՝ Գյուլիստանի, Զրաբերդի ու խաչենի մելիքների պարբերական հարձակումների պատճառով: Վերջիններս կռահելով Փանահի ծրագրերը՝ ջանում էին թույլ չտալ նրան իրենց սահմաններում բնավորվելու: Սակայն մելիք Շահնագարը շտապեց օգտվել Փանահի ներկայությունից՝ նրան առաջարկելով նստավայր դարձնել իր տիրույթում գտնվող Շոշ կամ Շոշվաքար (ներկայիս Շուշի քաղաքը) բերղ-ամրոցը: 750-ական թթ. Շոշու-բերդ Փոխադրվելով՝ Փանահը, մելիք Շահնազարի գործուն աջակցությամբ, հիմնեց առաջին այլակրոն և այլացեղ իշխանությունը Արցախ-Ղարաբաղի տարածքում: Ապա իրեն հռչակելով Ղարաբաղի խան՝ ձեռնամուխ եղավ դրա իրականացմանը, հպատակեցնելու և հարկատու դարձնելու համար հարձակումներ սկսեց Խ. մ-ի վրա, և երբ առաջին փորձերը ձախողվեցին, դիմեց խարդավանքի ու դավերի: Նրա քաղաքականությունը շարունակեց որդին՝ իբրահիմ խանը, որի չընդմիջվող հարձակումները, կոտորածներն ու ավարառությունները ջւատեցին Խ. մ-ի ուժերը: Ջրաբերդի ու Գյուլիստանի մելիքներն իրենց բազմաթիվ հպատակներով գաղթեցին Գանձակի կողմերն ու Վրաստան՝ հայրենի տիրույթներից հեռու Փնտրելով Ղարաբաղի փրկության ճանապարհը, իսկ Դիզակի մելիքի Փորձերը՝ պարսից շահի միջոցով կամ ռուս, արքունիքի օգնությամբ սանձահարելու Շոշի բռնատիրոջը, ապարդյուն անցան: Իբրահիմ խանն անհնազանդ մելիք Եգանի տոհմի կեսին բռնությամբ մահմեդականացրեց: Այնուամենայնիվ, Խ. մ-ի տերերի ջան-քերը զուր չանցան, մանավանդ XVIII դ. վերջին քառորդում, երբ նրանց ազատասիրական ոգորումները գլխավորում էր Հովհան՛նես Հասան-Ջալալյան կաթողիկոսը: Նրա գործունեությունը, միավորված Խ. մ-ի ու հարևան մյուս մելիքների, ինչպես նաև Էմին Հովսեփի, Հովսեփ Արղությանի ու Լազարյանների եռանդուն ջանքերի հետ, լայն հունի մեջ դրեց ռուս-հայկական հարաբերությունները՝ հաստատուն հիմք ստեղծելով Արևելյան Հայաստանը պարսկ. լծից ազատագրելու և Ռուսաստանին միացնելու համար: Խ. մ-ի իշխանությունը վերացավ XIX դ. սկգբին, հատկապես Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց (1828) հետո: Նախկին մելիքների ժառանզները մտան ռուսաց ծառայության մեջ՝ ճանաչվելով իբրև տոհմիկ ազնվականներ:
Գրկ. Րաֆֆի, խամսայի մելիքությունները,
Երկ. ժող., հ. 10, Ե., 1964: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Առաքել Վարդապետ, Դիզակի մելիքությունը, Վաղպատ, 1913 (Նյութեր հայ մելիքության մասին, պրակ 1): Կարապետ Եպիսկոպոս Տեր-Մկրտչյան Կ. Դուհյանք և Մելիք Շահնազարյանք, Էջմիածին, 1914 (Նյութեր հայ մելիքության մասին, պրակ 2): Պողոսյան Ֆ., Խամսայի մելիքների իրավունքների ու պարտականությունների մասին, «ԲՀԱ», 1966, I: Армяно-русские отношения в первой трети XVIII века, ч,2, Е.,1967 (Армяно-русские отношения, т. 2).
Բ. Ուլուբաբյան
