Jump to content

ՀՍՀ/ԽԱՄ ՈՒ ԽՈՊԱՆ ՀՈՂԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՄ ՈՒ ԽՈՊԱՆ ՀՈՂԵՐ, բնական բուսական ծածկոցով, բոլորովին չհերկված (խոպան) կամ վարելուց ու մշակելուց հետո երկար ժամանակ անմշակ թողնված (խամ) հողեր: Դրանք հարուստ են հումուսով, ազոտով և հանքային այլ նյութերով, ամրացած են, ունեն լավ ստրուկտուրա, ինքնատիպ ջրային ռեժիմ: ՍՍՀՄ-ում Ի՛, ու խ. հ. կան Ղազախստանում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Մերձուրալյան շրջաններում, Մերձվոլգյան տափաստաններում, մասամբ՝ Հյուսիսային Կովկասում, Հեռավոր Արևելքում (մոտ 40 մլն հա): 1954-ի ՍՄԿԿ մարտյան պլենումը հացահատիկի արտադրությունը երկրում վճռականորեն բարձրացնելու նպատակով որոշում կայացրեց ընդլայնել հացահատիկի ցանքատարածությունն այս հողերի իրացման հաշվին: Միայն առաջին 2 տարվա ընթացքում իրացվեց 35 մլն հա հող: Առանձնացվում են խոպան հողերի հետևյալ տիպերը. 1. տափաստանային խոպան՝ սեահողերի և շագանակագույն հողերի սահմաններում, ունի համատարած բնական խոտակացք: ՍՍՀՄ եվրոպական մասում այդպիսի խոպան հանդիպում է բացառապես արգելանոցներում: 2. Հվ. տափաստանների և կիսաանապատների խոպան հողեր, գտնվում են ուժեղ երաշտի, բաց շագանակագույն, գորշ և մոխրագույն հողերի շրջաններում, պատված են նոսր խոտային և կիսաթփուտային բուսականությամբ: Դրանցից կան Կենտրոնական և Հարավային Ղազախստանում, Միջին Ասիայում, Ադրբեջանական ՍՍՀ-ում, ՀՍՍՀ որոշ շրջաններում: Հողն այստեղ աղքատ է հումուսով, խոնավությունն անբավարար է: 3. Գետահովտային հողեր, հանդիպում են տարբեր բնական գոտիներում (մեծ մասամբ ոչ սևահողերում): Հարուստ են հումուսով, ունեն բավարար խոնավություն: Հաճախ ճահճացած են՝ ծածկված թփուտով և անտառով: Իրացման համար անհրաժեշտ է դրանք չորացնել և մաքրել ծառերից: 4. Տարբեր տիպի տորֆաճահճային հողեր, ընդարձակ զանգվածներ կան ՌՍՖՍՀ եվրոպական մասի ոչ սևահողային գոտում, Բելոռուսական ՍՍՀ-ում, Մերձբալթիկայում, Ուկրաինական ՍՍՀ-ում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, վրացական ՍՍՀ-ում (Կոլխիդա) և այլուր: 5. Անջրդի մարգագետիններ և արոտավայրեր, գտնվում են գլխավորապես ճահճա-պոդզոլային տիպի հողերի սահմաններում: 6. Մանրանտառով և թփուտներով պատված հողեր, մասամբ օգտագործում են որպես արոտավայր: Տարածված են Սիբիրի և Հեռավոր Արևելքի տայգայի ու ենթատայգայի շրջաններում: Խոպան հողերի ոչ մեծ զանգվածներ կան մերձարևադարձային պոդզոլների ու կարմրահողերի սահմաններում: ՀՍՍՀ-ում կան անմշակ կիսաանապատային, քարքարոտ հողեր և աղուտներ, որոնք աստիճանաբար բարելավվում են, ոռոգվում և մշակվում:

Ի. Միրիմանյան