ՀՍՀ/ԽԱՅԹՈՂ ԲՋԻՋՆԵՐ
ԽԱՅԹՈՂ ԲՋԻՋՆԵՐ, նեմատոցիտներ, ադեխորշավորների մեծ մասի ծածկող Էպիթելում, ինչպես նաև Էնտոդերմում գտնվող հատուկ բջիջներ, որոնք հարձակման և պաշտպանության միջոց են: Ունեն բարակ, խիտինային կազմությամբ ձվաձև կամ երկարավուն պատիճ, որի խոռոչը լցված է թունավոր հեղուկով: Այստեղ է գտնվում նաև պարուրաձև ոլորված թելիկը: Կորիզը տեղադրված է բջջի հիմքում, իսկ արտաքին մակերևույթում կա զգայուն ելուստ՝ կնիդոցիլ, որին հպվելիս Խ. p. անմիջապես գրգռվում են, թելիկը խոռոչից դուրս է թռչում և խայթում: Ադեխորշավորների Խ. բ. տեղադրված են մարմնի ամբողջ մակերևույթում, ավելի շատ խտացած են շոշափուկների և բերանի շուրջը: Խայթոցից հետո բջիջները մահանում են, իսկ դրանց տեղում կամ կողքին նորերն են զարգանում: Խ. բ-ի ազդեցությունից այրվածքներ են առաջանում, մանր (երբեմն նաև խոշոր) կենդանիները մահանում են:
