Jump to content

ՀՍՀ/ԽԱՆԶԱԴՅԱՆ ՑՈԼԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆԶԱԴՅԱՆ Ցոլակ Խորենի 23.3.1886, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)—19.9.1935, Մոսկվա, թաղված է Երևանում, հայ սովետական գրականագետ, թարգմանիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Ավարտել է (1905) Լա-զարյան ճեմարանը, Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1912): Բաքվում աշխատակցել է «Գործ» ամսագրին և «Բաքվի ձայն» թերթին, մասնակցել տեղի հայկ. համայնքի գրական-մշակութային կյանքին: 1921-ին հրավիրվել է Երևան, նշանակվել նորաստեղծ համալսարանի հասարակական ֆակուլտետի դեկան, ապա եղել է ռուս և անտիկ գրականության ամբիոնի վարիչ: Գրական պրոցեսին բուռն մասնակցություն է ունեցել 1910—20-ական թթ.՝ հիմնականում հանդես գալով մարքսիստական գրականագիտության դիրքերից: Այս շրջանում է գրել «Ակամա Հերոստրատները» (1913), «Րաֆֆիի գեղարվեստական հայացքները» (1913), «Քննադատության իրավունքը» (1913), «Ռեալիզմը թատրոնում» (1913), «Ալեքսանդր Ծատուրյան» (1917), «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ» (1933)ևայլ հոդվածներ (մի մասը՝ «Գրասեր» կեղծանվամբ), որոնք կարևոր ներդրում են հայ գրականագիտության մեջ: Րաֆֆու, Նալբանդյանի, Ծատուրյանի, Թումանյանի ստեղծագործություններին տրված Խ-ի բնութագրումները հայ գրականագիտական մտքի լավագույն արտահայտություններից են: Խ. թարգմանել է Վ. Ի. Լենինի «Ագրարային հարցի թեորիան» (1935), «Ի՛նչ են ժողովրդի բարեկամները» (1935), «Ի՛նչ անել» (հրտ. 1939), «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» (հրտ. 1939) աշխատությունները:

Երկ. Հոդվածների ժողովածու, Ե., 1963: Ս, Շտիկյան