Jump to content

ՀՍՀ/ԽԱՆՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆՈՅԱՆ Սարգիս (Սերգո) Մելիքսեթի 13(25).3.1877, Թիֆլիս—1937, հեղափոխական, կուսակցական, պետական գործիչ, լրագրող: ՍՍԿԿ անդամ 1902-ից: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1912—14-ին՝ Պետերբուրգի մանկավարժական ակադեմիայում: 1890-ական թթ. մասնակցել է հայ հասարակական-քաղաքական կյանքին, «Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի» հիմնադրմանը, նրա տպագիր օրգանների հրատարակմանն ու տարածմանը: 1902-ին Թիֆլիսում Խ. կապվել է Ս. Շահումյանի, Բ. Կնունյանցի, Ա. Զուրաբյանի հետ, գործուն մասնակցություն ունեցել լենինյան իսկրայական հայ անդրանիկ կազմակերպության՝ «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» ստեղծմանը և «Պրոլետարիատ» թերթի հրատարակմանը: 1903-ին մասնակցել է ՌՍԴԲԿ Կովկասյան կազմակերպությունների I համագումարին, ապա մտել Կովկասյան միութենական կոմիտեի կազմի մեջ: 1905—07-ին աշխատակցել է Բաքվում, Թիֆլիսում և Երևանում լույս տեսնող «Բանվորի ձայնը», «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր», «Ֆակտի» (ռուս,) և «Կոչ-Դևեթ» (հայերեն և ադրբ.) թերթերին: 1907—1911-ին ուսուցչություն է արել Նուխիում (այժմ՝ Շաքի, Ադրբ. ՍՍՀ-ում), Ղզլարում: 1915—17-ին Ա. Մռավյանի հետ խմբագրել է «Պայքար», «Բանվորի կռիվը» թերթերը: Հետագայում եղել է «Ալիք», «Պահակ», «Նոր ուղի», «Կարմիր աստղ», «Մարտակոչ» թերթերի խմբագիր: 1919-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի հանձնարարությամբ փոխադրվել է Հայաստան, մասնակցել (1919-ի սեպտեմբեր) Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը, ընտրվել ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) անդամ: Դաշնակցական կառավարությունը Խ-ին արտաքսել է Հայաստանից: 1920-ի հոկտեմբերին Խ. մեկնել է Սովետական Ադրբեջան, նշանակվել «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագիր: 1921-ին վերադարձել է Հայաստան և նշանակվել ՀԱՄՀ ֆինժողկոմ, 1925-ին՝ Անդրկենտգործկոմի նախագահ, 1930—33-ին՝ արդարադատության ժողկոմ, ապա՝ հանրապետության դատախազ, ՀՕԿ-ի նախագահ: