ՀՍՀ/ԽԱՆՋՅԱՆ ԱՂԱՍԻ
ԽԱՆՋՅԱՆ Աղասի Ղևոնդի (30.1.1901, Վան—9.7.1936, Թբիլիսի), սովետական կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1917-ից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը և Էջմիածնի ճեմարանը: Հեղափոխական գործունեությամբ զբաղվել է 1917-ից: 1917-ի ապրիլին Ղ. Ղուկասյանի հետ կազմակերպել է Երևանի երիտասարդ մարքսիսա-ինտերնացիոնալիստների միությունը: 1919-ի ապրիլին Ղ. Ղուկասյանի և Ա. Բուդաղյանի հետ հիմնաորել է Հայաստանի երիտասարդ կոմունիստների Սպարտակ կազմակերպությունը, իսկ նույն թվականի մայիսին նրանց ջանքերով լույս է տեսել «Սպարտակ» ընդհատակյա թերթը: 1919-ի օգոստոսին ձերբակալվել է: Հեռակա կարգով ընտրվել է (1919-ի սեպտեմբեր) Կոմունիստական երիտասարդական կազմակերպության Անդրկովկասյան բյուրոյի անդամ: 1920-ի հունվարին մասնակցել է Երևանում գումարված կուսակցական ընդհատակյա կոնֆերանսին: ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ հաստատվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ (1920-ի հուլիս): 1920-ի օգոստոսին դաշնակցական կառավարությունը Խ-ին ձերբակալել է և դատապարտել 10 տարվա բանտ-աքսորի: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար (1920-ի դեկտեմբեր—1921-ի փետրվար), 1921-ին գործուղվել է Մոսկվա՝ Սվերդլովի անվ. կոմունիստական համալսարանում ուսանելու: 1922—28-ին կուսակցական ղեկավարը աշխատանք է կատարել Լենինգրադում: 1928-ի օգոստոսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Խ. ուղարկվել է Հայաստան, որտեղ ընտրվեյ է ՀԿ(բ)Կ Կենտկոմի երկրորդ, իսկ 1930-ի մայիսից՝ առաջին քարտուղար: Ընտրվել է Անդրերկրկոմի բյուրոյի, Անդրֆեդերացիայի, ՍՍՀՄ, ՀՍՍՀ Կենտգործկոմների և ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Եղել է ՍՄԿԿ XV, XVI, XVII համագումարների պատգամավոր: Խ. մեծ ջանքեր է ներդրել ՀՍՍՀ ժող. տնտեսության զարգացման առաջին և երկրորդ հնգամյակների ծրագրերն իրականացնելու, կուլտուրական հեղափոխության հաղթանակն ապահովելու և ժող. կրթության գործը կազմակերպելու ուղղությամբ: Նա առանձին ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի կապերի ամրապնդմանը: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1935):
Երկ. Հոդվածներ և ճառեր, Ե., 1963:
Գրկ. Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Зинин В. Խ.., Верный сын партии, Е., 1966.
Ա. Մնացականյան
