Jump to content

ՀՍՀ/ԽԱՆՋՅԱՆ ԳՐԻԳՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՆՋՅԱՆ Գրիգոր Սեպուհի (ծն. 29.11. 1926, Երևան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ ժող. նկարիչ (1967): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1972): 1945-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեգյանի անվ. գեղարվեստական ուսումնարանը, 1951-ին՝ գեղարվեստական ինստ-ը: Խ-ի ստեղծագործական հետաքրքրությունները հավասարապես արտահայտվել են գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում: Ստեղծել է թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հայկական գյուղի կյանքին, երիտասարդությանը, աշխատանքին. «Սևանի ձկնորսները (1956), «Երևանի կառուցողները (1960), «Մթնշաղ» (1962), «Ե վ հաց, և սեր, և երազանք» (1964), «Արևածաղիկներ», «Հացը լեռներում» (1972), «Վերադարձավ» (1975): Պարզ միջոցներով Խ. դրսևորում է իր կերպարների հարուստ ներաշխարհը (Փալիուլ մայրիկի դիմանկարը, 1961, Հնձվոր Հարությունյանի դիմանկարը, 1963, Զեմմայի դիմանկարը, 1960, Որդու դիմանկարը, 1960 ևն): Խ-ի բնանկարները երբեմն մոնումենտալ են («Գառնի», 1962), երբեմն՝ քնարական տրամադրությամբ համակված («Ձկնորսական նավակ», 1965, «Արա լեռը», 1961): Նրա արվեստի առանձնահատկություններից է պատկերվող երևույթների ազգային էության շեշտումը, որը բնորոշ է նաև նատյուրմորտներին («Նատյուրմորտ, անթառամներ», 1962, «Նատյուրմորտ դաղդղանով», 1967, «Հայկական նատյուրմորտ», 1967 ևն): Խ. սիրում է երևույթի բազմապլան մեկնաբանումներ, որոնց դրսևորման համար մեծ հնարավորություններ է ստեղծել գրաֆիկան: Հ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956), Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963—1965) պոեմների, Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի (1958), Ս. Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքի (1965), Գ. Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970) և «Մասունցիների պարը» (1975) պոեմի նկարազարդումները հագեցած են դրամատիկ տրամադրություններով, որոնց դրսևորմանը նպաստում է արտահայտիչ ու պլաստիկ գծանկարը, գրքի ձևավորման կուլտուրան: Խ-ի վարպետության վկայություններից են նաև «Իմ ժողովրդի պատմության տարեթվերից» (1967), «Հայաստան» (1971), «Եվ այս ամենը մեր օրերում» (1972—73) նկարաշարերը, որոնցում նկարիչը ժողովրդի պատմության իրադարձությունների հակադրություններից հասնում է ժամանակակից լայն ընդհանրացումների: Հակասությունների գեղարվեստական կերպավորման վրա են կառուցված նաև ֆրանսիական, իտալական, իսպանական և մեքսիկական նկարաշարերը: Խ. հարստացրել է հայ սովետական թեմատիկ պատկերը, մի նոր աստիճանի բարձրացրել գրքի նկարազարդման կուլտուրան: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965), Լենինգրադում (1969), Մեքսիկայում (1976): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1969):

Գրկ. Ղագարյան Մ., Գրիգոր Խանջյան, Ե., 1977 Խ.азарян М., Григор Ханджян, М., 1968 Գ. Ի անշյան, ալբոմ, Ե., 1978: Մ. Ղազարյան