Jump to content

ՀՍՀ/ԽԱՇԽԱՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՇԽԱՇ (Papaver), կակաչ, կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100 տեսակ: Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում: Ձեթ և ափիոն պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ Խ. քնաբերը (P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ: Միամյա, 80—150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է: Սերմերը մանր են, տարբեր գույնի: Ձիթատու Խ-ի սերմերը պարունակում են 46—56 ձեթ և մինչև 20 սպիտակուցներ: Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ: Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ համարժեք է 1,1 կերային միավորի: Ափիոն-հումքը հավաքում են տեխ. հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տոսիիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքում են: ՍՍՀՄ-ում ձիթատու Խ-ի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Կենտրոնական սևահողային գոտում, Թաթարական և Բաշկիրական ԻՍՍՀ-ներում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974-ը ափիոնատու Խ-ի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ՍՄՀ-ում: