ՀՍՀ/ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ
ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Cruciferae կամ Brassicaceae), ծածկասերմ բույսերի ընտանիք: Խոտաբույսեր են, երբեմն կիսաթփեր՝ պարզ, բազմաձև տերևներով: Ծաղիկները մանր են, երկսեռ՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում: Ծաղկապատը քառանդամ է, պսակը կազմված է խաչաձև դասավորված չորս թերթիկներից (այստեղից՝ Խ. անվանումը): Առէջքները մեծ մասամբ 6-ն են, 2 շրջանով դասավորված, վարսանդը վերնադիր է: Պտուղը պատիճ է կամ պատիճակ: Խ-ի մեծ մասն ունի գործնական նշանակություն, օգտագործվում է որպես բանջարեղեն (օրինակ, կաղամբը, բողկը ևս): Որոշ Խ. (օրինակ, մանանեխը, գոնգեղը, սորուկը) պարունակում են տնխ. և սննդային նշանակություն ունեցող յուղեր, լրջաբույսը (Isatis) բարձրարժեք հումքային բույս է, որի տերևներից ստացվում է ինդիգո կապույտ ներկը: Շահպրակը (Matthiola annua), գիշերային մանուշակը (Hesperis) կիրառվում են դեկորատիվ ծաղկաբուծության մեջ: Խ-ից շատերը պարունակում են խիստ հոտավետ եթերայուղեր: Ավլախոտը (Sisymbrium), հովվամաղախը (CapseUa bur-sa-pastoris), շնկոտեմը (Thlaspi) ևն տարածված մոլախոտեր են և մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Խ-ի մեծ մասը մեղրատու բույսեր են, որոշ մասը՝ դեղաբույսեր: Հայտնի են Խ-ի ավելի քան 350 ցեղ, 3000 տեսակ: Տարածված են հիմնականում Հս. կիսագնդում: ՍՍՀՄ-ում կան 130 ցեղ, 800 տեսակ: ՀՍՍՀ տարածքում Խ. ներկայացված են մոտավորապես 71 ցեղով և մի քանի հարյուր տեսակներով:
Թ. Ծատուրյան
