ՀՍՀ/ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐ, արևմտա-եվրոպական ֆեոդալների զավթողական արշավանքներն Արևելքում 1096—1270-ին: Նշանաբանն էր՝ «քրիստոնեական սրբավայրերի ազատագրումը մահմեդականներից»: Խ. ա-ի մասնակիցներն իրենց թիկնոցներին կրում էին խաչի նշանը (այստեղից էլ՝ նրանց «խաչակիր» անվանումը): 1070—80-ական թթ. սելջուկները Փոքր Ասիայում նվաճեցին բյուզանդական տիրույթները, ինչպես նաև Երուսաղեմը: Բյուզանդիան «տիրոջ գերեզմանը» (գտնվում էր Երուսաղեմում) սելջուկներից ազատագրելու պատրվակով ռազմ. օգնություն խնդրեց արմ-ից: Կաթոլիկ եկեղեցին՝ պապի գլխավորությամբ, արլ-ի քրիստոնյաներին իր ազդեցությանը են թարկելու նպատակով, իսկ սնանկացած ֆեոդալ-ասպետները մերձավոր արևելյան հարուստ երկրներին տիրանալու ակնկալությամբ ձեռնամուխ եղան Խ. ա-ի: Արշավանքներին մասնակցող իտալ. քաղաքները (հատկապես Վենետիկն ու Ջենովան) առևտրական առաջնության էին ձգտում է Լևնտի հետ փոխհարաբերություններում: Առաջին արշավանքի ժամանակ (1096—1099), որը 1095-ին հայտարարեց պապ Ուրբանոս II, շուրջ 100 հզ. հեծյալ և 300 հզ. հետևակ խաչակիրներ հասան Կ. Պոլիս, դաշինք կնքեցին բյուզանդական կայսր Ալեքսիոս Կոմնենոսի հետ, մտան Փոքր Ասիա և Նիկիայի (1096) ու Դորիլեոնի (1097) մատույցներում ջարդեցին Իկոնիայի սուլթանության զորքերը: 1097-ին խաչակիրների մի ջոկատ Տավրոսի կիրճերով ներխուժեց Դաշտային Կիլիկիա, մի այլ ջոկատ, Կեսարիան ու Կոմանան գրավելուց հետո անցնելով Անտիտավրոս լեռը՝ նույնպես մտավ Կիլիկիա, գրավեց Կոկիսոն բնակավայրն ու Մարաշը, ուր կառավարիչ նշանակվեց հայազգի Թաթուլ իշխանը: 1097-ին խաչակիրները հայերի օգնությամբ սելջուկներից գրավեցին Տարսոնը, Ադանան, Մամեստիան: 1098-ին գրավեցին Եդեսիան և ստեղծեցին առաջին լատ. իշխանությունը արլ-ում: Նույն թվականին գրավելով Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը: 1099-ին տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնած Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: 1109-ին գրավելով Տրիաոլին՝ խաչակիրները ստեղծեցին իրենց չորրորդ իշխանությունը: Ֆրանս, թագավոր Լյուդովիկոս VII-ի և գերմ. թագավոր Կոնրադ II I-ի գլխավորած Խաչակրաց երկրորդ արշավանքը (1147—49), որի առիթը 1144-ին սելջուկների կողմից Եդեսիայի գրավումն էր, ավարտվեց անհաջողությամբ: Երրորդ արշավանքի (1189—92) առիթ ծառայեց Եգիպտոսի Սալահեդդին սուլթանի կողմից 1187-ին Երուսաղեմի գրավումը: Արշավանքը առաջնորդում էին գերմ. կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը (որը 1190-ի հունիսին խեղդվեց Կիլիկիայի Սելնկիա գետում), ֆրանս. թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը և անգլ. թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը: Նրանց հաջողվեց գրավել Կիպրոս կղզին (ուր հիմնվեց ֆրանս. Լուսինյան տոհմի իշխանությունը), կանխվեց Եգիպտոսի սուլթանի ծրագրած արշավանքը Կիլիկիա: Կիլիկիայի հայկական պետության գլուխ կանգնած Լևոն Բ իշխանը բանակցությունների մեջ մտավ Ֆրիդրիխ I Շիկամորուսի հետ՝ իր քաղ. դիրքերն ամրապնդելու նպատակով: Նա պատրաստակամություն հայտնեց օգնել խաչակիրներին, իսկ գերմ. կայսրը խոստացավ թագ շնորհել Լևոնին և ճանաչել նրան Կիլիկիայի թագավոր: Լևոն Բ Կիլիկիայի մերձակայքում հաստատված Տաճարական և Հյուրընկալների օրդենների ասպետներին կալվածքներ տրամադրեց՝ կամենալով ապահովել իր թագավորության սահմանները: Մոտ հարաբերությունները խաչակիրների հետ (քաղ., առևտրական, նաև խնամիական կապերը) լատինասիրություն առաջ բերեցին Կիլիկիայի ֆեոդալական վերնախավի զգալի մասի մեջ, որը հակված էր միանալու կաթոլիկ եկեղեցուն: Խաչակրաց չորրորդ արշավանքի (կազմակերպվեց 1199-ին) մասնակից գերմ., ֆրանս. և իտալ. ֆեոդալ ասպետները (բուն իսկ խաչակիրների ու Բյուզանդիայի միջև ծագած հակասությունների պայմաններում) 1204-ին գրավեցին Կ. Պոլիսը և ստեղծեցին Լատինական կայսրությունը (1204—61): Բացահայտ նվաճողական բնույթ ունեին խաչակրաց հաջորդ արշավանքները, հինգերորդ արշավանքը (1217—21), որին մասնակցում էին Ավստրիայի դուքսն ու Հունգարիայի թագավորը, ուղղված էր Եգիպտոսի դեմ և վերջացավ անարդյունք: Վեցերորդ արշավանքի (գլխավորում էր գերմ. կայսր Ֆրիդրիխ II) ժամանակ (1220—29) խաչակիրները ժամանակավորապես ետ գրավեցին Երուսաղեմը (1229-ին), որին վերստին տիրեցին մահմեդականները 1244-ին: Յոթերորդ (1248—1254) և ութերորդ (1270) արշավանքները Եգիպտոս և Թունիս (գլխավորում էր ֆրանս. թագավոր Լյուդովիկոս IX Մուրբը) նույնպես ձախողվեցին: 1280—90-ական թթ. մահմեդականները գրավեցին խաչակիրների բոլոր տիրույթներն արլ-ում: Խ. ա-ի ժամանակաշրջանում զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը, որը հիմնականում կենտրոնացած էր իտալ. և հվ-ֆրանս. առևտրականների ձեռքում: Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին, որը խթանեց տեխնիկայի, փիլ-յան, գրականության և արվեստի զարգացումը Եվրոպայում: Խ. ա. են կոչում հաճախ նաև XII—XIII դդ. գերմ. ֆեոդալների արշավանքները մերձբալթյան ժողովուրդների, ինչպես և ալբիգոյցիների ու հուսյանների դեմ:
Գրկ. Պապիկյան Ս., Հայերը և խաչակիրները, «ՀԱ», 1960— 65: Заборов М.А., Խ.рестовые походы, М., 1956 Laurent J., Les croises lArmenie, տես նրա՝ Etudes d Histoire Armenienne, Louvain, 1971. Վ. վարդանյան
