ՀՍՀ/ԽԱՉԱՆՅԱՆ
ԽԱՉԱՆՅԱՆ Համբարձում Միսաքի 1(13).2.1894, Տրապիզոն—30.6.1944, Երևան, . հայ սովետական դերասան: ՀՍՍՀ վաստ. արտիստ (1935): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Միջնակարգ կրթությունն ստացել է Եկատերինոդարի ռուս, դպրոցում: 1919-ին Սիմֆերոպոլում ավարտել է Նիկիտինի մասնավոր կինոստուդիան: Խ. հայկ. առաջին պետթատրոնի և ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է: 1922-ից աշխատել է ներկայիս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում (1933—35-ին՝ Երևանի բանվորական թատրոնում): 1925-ից նկարահանվել է Հայ կինոյում: Ցայտուն անհատականության կատակերգակ-արտիստ Խ-ին բնորոշ էր հոգեբանական նրբերանգներով հագեցած սոցիալական նկարագրով հուզիչ, գեղարվեստորեն հավաստի խաղ թե դրամատիկական թատրոնում, թե կինոյում: Լավագույն դերերից են՝ Սգանարել (Մոլիերի Դոն ժուան», 1922, 1934), Գրումիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը», 1923), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1927, 1933), Ռասպլյուև (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1933), Մչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ», 1935), Ֆալստաֆ (Շեքսպիրի «վինձորի զվարճասեր կանայք», 1939), Աբիսողոմ աղա («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի, 1941), կինոէկրանում՝ Բադալ («Նամուս», 1925), Խդո («Զարե», 1926), Շոր («Շոր և Շորշոր», 1926), Սադրազամ («Խասփուշ», 1927), Խեչան («Մեքսիկական դիպլոմատներ», 1931), Կիկոս («Կիկոս», 1933), Դարչո («Պեպո», 1935), Տեր-Պողոս («Սևանի ձկնորսները», 1938), Նագար («Քաջ Նազար», 1940):
Գրկ. Դզնունի Դ., Համբարձում Խաչանյան, Ե., 1967: Մահարի Գ., Տխուր աչքերով կատակերգուն, «ՍԱ», 1964, 11: Պայազատյան է., Հ. Խաչանյանը համր կինոկոմեդիաներում, «ԼՀԳ», 1967, 12: Ризаев С., Армянская художественная кинематография, Е., 1963 Закоян Г. В., Армянское немое кино, Е., 1976.
Լ. Խալաթյան
