Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՍԵՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՍԵՐՈՒՄ, հիբրիդացում, ժառանգականորեն տարասեռ երկու ծնողական ձևերի սեռական բջիջների բնական կամ արհեստական միավորում: Բնական կամ ինքնաբեր Խ. կատարվում է բնության մեջ՝ առանց մարդու միջամտության: Արհեստական Խ. լայնորեն կիրառվում է բույսերի և կենդանիների սելեկցիայում՝ հիբրիդներ և խառնացեղեր ստանալու համար: Խ-ման ժամանակ զիգոտում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ քանակությունը՝ զույգ հոմոլոգ քրոմոսոմները: Հիբրիդային կամ խառնացեղային առաջին սերունդն արտաքինից լրիվ համասեռ է, իսկ գենետիկորեն՝ բարդ հետերոզիգոտ: Երկրորդ և հաջորդ սերունդներում դիտվում է օրինաչափ ճեղքում, որն ուղեկցվում է ձևակազմման պրոցեսով: Ծագում են գեների նոր զուգակցություններ, որոնք տալիս են նոր հատկություններ և հատկանիշներ, երևան են գալիս նաև հեռավոր նախնիների հատկանիշներ (ատավիզմ): Հիբրիդային և խառնացեղային սերնղին բնորոշ է հետերոզիսի երևույթը, որն ի հայտ է գալիս առաջին սերնդում և մարում է հաջորդ սերունդներում: Խ-ման ժամանակ ձևառաջացման բնույթի վրա ազդում է ժառանգականության բջջապլագմային գործոնը, որը հատուկ է ձվաբջջին: Ուստի և կարևոր է, թե ելակետային ցեղերից որն է վերցված որպես մայր և որը՝ հայր: Այս առումով կատարում են փոխադարձ կամ ռեցիպրոկ Խ-ներ, անհատի գենո-տիպային կառուցվածքը սլարզելու համար՝ վերլուծողական Խ., իսկ հիբրիդում ծնողներից որևէ մեկի հատկանիշները ուժեղացնելու նպատակով՝ հետադարձ Խ. (բեկրոս): Բույսերի խաչասերում, բույսերի սելեկցիայում Խ. իրականացնում են նույն տեսակի տարբեր սորտերի (միջ-սորտային կամ միջտեսակային Խ.), ինչպես նաև տարբեր տեսակների ու ցեղերի միջև (հեռավոր Խ.): Միջտեսակային Խ-ման հաջողությունը մեծապես կախված է ծնողական ձևերի ճիշտ ընտրությունից: Ծնողական ձևերը ընտրում են ըստ էկոլոգա-աշխարհագրական սկզբունքի, բերքի կառուցվածքի տարրերի, վեգետացիայի շրջանի տևողության, սնկային հիվանդությունների նկատմամբ կայունության են: Գործնական սելեկցիայում կիրառվում են հասարակ և բարդ Խ-ներ: Հասարակ կամ զույգ Խ. կատարվում է երկու ծնողական ձևերի միջև՝ մեկ անգամ: Բարդ Խ-ման ժամանակ հաջորդաբար մասնակցում են երկուսից ավելի ծնողական ձևեր (աստիճանական Խ.) կամ հիբրիդային սերունդը դարձյալ խաչասերում են ծնողներից որևէ մեկի հետ (հետադարձ Խ.): Աստիճանական Խ-ման դեպքում հիբրիդային սերնդում նույն սորտերի լավագույն հատկությունները միավորելու համար միշսորտային հիբրիդը խաչասերում են ուրիշ սորտի հետ, իսկ նոր հիբրիդը՝ երրորդի հետ ևն: Աստիճանական Խ-ման մեթոդը լայնորեն կիրառվում է բույսերի սելեկցիայում և ցորենի սելեկցիայի հիմնական մեթոդն է բոլոր երկրներում: Եգիպտացորենի սելեկցիայում հասարակևկրկնակի հիբրիդների ստեղծման ժամանակ կիրառվում է ինքնափոշոտվող գծերի Խ.՝ միջգծային Խ.: Կենդանիների խաչասերում, գյուղատնտ. կենդանիների բուծման մեթոդ, երբ սերունդ ստանալու համար զուգավորում են տարբեր ցեղերի կենդանիների: Խ-ից ստացված սերունդը կոչվում է խառնացեղ, ի տարբերություն հիբրիդի, որն ստացվում է հիբրիդացման ժամանակ (միջտեսակային, միջցեղային և ավելի հեռավոր Խ-ներ): Խ-ման, ինչպես նաև հիբրիդացման դեպքում նկատվում է հետերոզիսի էֆեկտ, որը դրսևորվում է (համեմատած ծնողական ձևերի հետ) մարմնակազմվածքի ամրության, պտղաբերության, մթերատվության և խառնացեղերի այլ հատկանիշների բարձրացմամբ: Խ. լայնորեն կիրառվում է ցեղերի մթերատվության որակը կատարելագործելու, նոր ցեղեր ստանալու և արդ. հոտերի ապրանքային մթերատվությունը բարձրացնելու համար: Անասնաբուծության մեջ մասնագիտացված ինբրիդինգային կենդանիների գծերի Խ. անվանում են նաև հիբրիդացում: Գործնականում հայտնի են միջանկյալ, վերարտադրական, կլանողական, արդյունաբերական խ-ման տեսակները: Խ-ման հաջող կիրառման հիմնական պայմաններն են՝ ելակետային ցեղերի կենսաբանական ու տոհմային առանձնահատկությունների (ինչպես նաև թերությունների) հաշվառում, ծնողական զույգերի ճիշտ ընտրություն, լիարժեք կերակրում և խառնացեղերի լավ խնամք: