Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ ԷՐԶՐՈՒՄՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՈՒՐ ԷՐԶՐՈՒՄՑԻ (Առաքելյան) (1666, Կ. Պոլիս—1740, վենետիկ), հայ հանրագիտակ, փիլիսոփա, հայկական Կաաիցիզմի հիմնադիրներից, եկեղեցական գործիչ: Սովորել է Հռոմի պրոպագանդայի (Ուրբանյան) կաթոլիկական վարժարանում: 1696—1707-ին կ. Պոլսում զբաղվել է քարոզչությամբ, այնուհետև դարձել է Վենետիկի հայկ. համայնքի հոգևոր առաջնորդը: Հեղինակ է փիլիսոփայության, բարոյագիտության, աստվածաբանության, տրամաբանության, հռետորության, երկրագիտության, մաթեմատիկայի, բնագիտության և այլ հարցերի նվիրված աշխատությունների: «Համառօ-տական իմաստասիրութիւն» (1711) հանրագիտական բնույթի երկհատոր երկում անդրադարձել է ժամանակի գրեթե բոլոր գիտություններին: Քաջատեղյակ լինելով եվրոպական գիտության նվաճումներին՝ նպաստել է առաջավոր գաղափարների ներթափանցմանը Հայաստան: Երկերի մի մասը գրված է լատ., որոնք հիմնականում թարգմանվել են հայերեն: Գոյաբանական հարցերը լուծելիս Խ. է. հետևել է Թովմա Աքվինացուն. աստծուն համարել է աշխարհի միակ սկզբնապատճառը: Ըստ նրա, բնության հիմքում ընկած է նյութը՝ որպես կարողություն, որը կատարյալ է դառնում տեսակի (ձևի) միջոցով: Բնափիլիսոփայական հարցադրումները հիմնականում մեկնաբանել է մատերիալիստական ոգով: Նյութը համարել է անվերջ բաժանելի, անոչնչանալի, հավերժական, որը շարժման ու փոփոխման հետևանքով մի ձևից անցնում է մեկ այլ ձևի: Տվել է բազմաթիվ բնական երևույթների գիտական բացատրությունը, այսպես, օդի տաքանալը բացատրել է երկրից անդրադարձած արեգակնային ճառագայթների ազդեցությամբ: Ձյան, բքի, ցողի, ստորերկրյա ջրերիևերկրաշար-ժերի պատճառը համարել է գոլորշիները: Բնության մեջ, ըստ նրա, տեղի ունի զարգացում և փոփոխություն, որոնց հիմքում ընկած են ներհակ ուժերը: Խ. Է-ու այս մտքերը փաստորեն նյութի պահպանման ու փոխակերպման օրենքի արտահայտությունն են: Խ, է հետաքրքրվել է նաև երկրագիտության հարցերով, նկարագրել բազմաթիվ երկրների քաղ. աշխարհագրությունը: Իմացաբանության և տրամաբանության մեջ Խ. է. հետևել է ռացիոնալիզմի և սխոլաստիկայի հիմնական դրույթներին: Հասարակական, բարոյագիտական ըմբռնումներով հակադրվել է Թովմա Աքվինացուն և ֆեոդալական անօրինականություններին, առաջադրել բուրժ. գաղափարախոսության պահանջներ: Արժեքավոր է պատերազմի և խաղաղության հարցադրումը, որը հիմնականում պարզաբանում է՝ կապելով արդարացի պատերազմների ու ազատագրական պայքարի ընդունման հետ: Խ, Է-ու գեղագիտական ըմբռնումները ձևավորվել են ռացիոնալիզմի և XVII դ. ֆրանս. կլասիցիզմի տեսաբանների (Ն. Բուալո և ուրիշներ) ազդեցությամբ: Մարդն ունի ինչպես զգացմունքային, այնպես և բանական ցանկություններ: Արվեստը, ամենից առաջ, արդյունք է մտածողության ու տրամաբանության: Արվեստի հիմքում Խ. Է. դնում է հասարակական օգտակարության սկզբունքը և այն բաժանում «ծառայականի» (տարբեր արհեստներ) ու «ազատականի» (պոեզիա, երաժշտություն, ճարտասանության ևն): «Համառօտական իմաստասիրութիւն»ում արտացոլված են պոեզիայի պատկերման առարկայի, սահմանների ու ներգործության մասին կլասիցիզմի նորմատիվ պոետիկային բնորոշ կողմեր: Խ. է-ու ռացիոնալիզմի հիմքում ընկած է այն պատկերացումը, թե .բանաստեղծական արվեստը սկիզբ է առնում մտածողությունից (բանաստեղծի) և հանգում է մտածողությանը (ընթերցողի)՝ վերածվելով գաղափարական և գեղագիտական ներգործության: Չանտեսելով զգացմունքի ու երևակայության վճռական նշանակությունը՝ Խ. Է. շեշտում է պոեզիայում բանականության առաջատար դերը: Հենց այդ դիրքերից նա մեկնաբանում է բարձր պոեզիայի, իրականության «ընտիր ու վսեմ» կողմերի պատկերման, թեմայի նպատակահարմար ընտրության, բնությանը նմանվելու, մարդկային կրքերի ծայրահեղ դրսևորումները հաղթահարելու ու կանոնավորելու կլասիցիստական դրույթները: Խ. է. հիմնավորում է ստեղծագործական աշխատանքում կանոններին հետևելու անհրաժեշտությունը, գտնլով, որ դրանք բխում են արվեստի էությունից և մտածողության անհրաժեշտ բաղադրամասերն են: Բանականության օրենքներին հավատարիմ մնալու սկզբունքը Խ, է. տարածում է ստեղծագործության բովանդակության ձևական (լեզվաոճական, կառուցվածքային) կողմերի վրա: Պոեզիայի հասարակական կոչումն ու ներգործությունը Խ. Է. կապում է բարոյագիտական խնդիրների հետ: Բանաստեղծական արվեստի (նաև երաժշտության) գեղագիտական, բարոյադաստիարակչական կողմերը սերտորեն առնչվում, փոխադարձաբար պայմանավորում են միմյանց: Արվեստի նպատակն է նպաստել հասարակության առաջընթացին, ծառայել բարոյական դաստիարակության խնդիրներին:

Երկ. Գիրք քերականութեան, Լիվոռնո, 1696: Համաոօտ մեկնություն երգոյ Երգոցն Սողոմոնի, ԿՊ, 1700: Համաոօտութիւն բարոյականի աստուածաբանութեան, Վնտ., 1709: Բանք և բարոզք յաղագս տէրունական տօնից (Քարոզգիրք), հ. 1, Վնտ., 1710: Համառօտական իմաստասիրություն, հ. 1—2, Վնտ., 1711: Ճարտասանութիւն, Վնտ., 1713: Լիակատար աստուածաբանութիւն, հ. 1—2, Վնտ., 1729— 1734: Ներածումն առ քրիստոնէական կատարելութիւն, Վնտ., 1733: Կարճառօտագունեղ համառօտութիւն ընդհանրականի աստուածաբանութեան, Վնտ., 1736:

Գրկ. Թորոսյան Հ., Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստացւոյ, Վնտ., 1901: Թահմիզյան Ն., Խաչատուր Էրզրումցին որպես միջնադարյան հայ երաժշտության տեսաբան, ԼՀԳ», 1966, 11: Նազարյան Շ., Պետրոս Ղափանցի, Ե., 1969: Լևո, երկ., հ. 3, Ե., 1973: Ջահուկյան Գ., Գրաբարի քերականության պատմություն, Ե., 1 74: Թադևոսյան Մ., Հայկական կլասիցիզմի տեսությունը, Ե., 1977: Очерк развития эстетической мысли в Армении, М., 1976.

Մ. Թադևոսյան, Ա. Ասլանյան, Ֆ. Առաքելյան