ՀՍՀ/ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ
ԽԱՉԱՏՐՅԱՆ Աստվածատուր, Խաչ 1862, գ. Ա. Հովհաննես (Ալաշկերտի գավառում)—1938, հայ պատմաբան: Պրոֆեսոր (1925), ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստ-ի (1930-ից՝ ՀՍՍՀ գիտությունների ինստ.) իսկական անդամ (1925): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Ստրասբուրգի համալսարանում: 1885—92-ին և 1896—1912-ին պաշտոնավարել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, միաժամանակ եղել նրա վերջին տեսուչը: 1921-ից դասավանդել է Կ. Պոլսի հայկ. Կեդրոնական վարժարանում: 1925-ին վերադարձել է հայրենիք՝ Սովետական Հայաստան, դասախոսել Երևանի պետ. համալսարանում: Զբաղվել է Հայկական լեռնաշխարհի նախաբնիկների և հայ ժողովրդի կազմավորման հարցերով: Ըստ Խ-ի, Հայկական լեռնաշխարհի էթնիկական հիմքը կազմել են տեղաբնիկ սուբարիները, որոնք հետագայում խառնվել են ներխուժած խուռիմիտանի, և ավելի ուշ՝ մուշկ հնդեվրոպական ցեղերի հետ: Ֆրանսիացի Ն. Դոլենսի հետ Խ. գրել է Ուրարտուի պատմությանը նվիրված «Հին հայերի պատմությունը» (1907, ֆրանս.) աշխատությունը:
Երկ. Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե., 1933:
