ՀՍՀ/ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ
ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ, լեզվի բառապաշարի բառաքերականական խմբերը, որոնք ընկած են քերականական կաոուցվածքի հիմքում: Խ. մ. հատուկ են աշխարհի բոլոր լեզուներին, բայց, պայմանավորված լեզվի, հիմնականում, կառուցվածքային տիպով, տարբեր է նրանց որոշման հիմունքը, ուրեմն և՝ քանակը: Հայերենի Խ. մ. են՝ գոյականը, ածականը, թվականը, դերանունը, բայը, մակբայը, կապը, շաղկապը, եղանակավորող բառերը, ձայնարկությունը, որոնք որոշվում են համապատասխան բառախմբերի ընդհանուր նշանակությամբ: Խ. մ. կազմում են բարդ համակարգ, որի բաղադրիչները միմյանց նկատմամբ նույնանման կապի ու հարաբերության մեջ չեն: Կան անմիջականորեն հարաբերակից Խ. մ. (օրինակ, կապը և շաղկապը, մի կողմից՝ գոյականը, ածականը, թվականը, մակբայը, մյուս կողմից՝ դերանունը) և ոչ-անմիջականորեն հարաբերակից Խ. մ. (օրինակ, ձայնարկությունը և բայը, թվականը և շաղկապը): Ըստ քերականական ընդհանուր բնույթի՝ Խ. մ. բաժանվում են երեք խմբի նյութական, քերականական և վերաբերմունքային: Նյութական իմաստ ունեցող Խ. մ. (գոյական, ածական, դերանուն, թվական, մակբայ) արտահայտում են իրականությունը իր տարբեր հատկանիշներով, քերականական Խ. մ. (կապ, շաղկապ)՝ քերականական տարբեր հարաբերություններ, վերաբերմունքային Խ. մ. (եղանակավորող բառեր, ձայնարկություն)՝ խոսողի վերաբերմունք: Ձևաբանական տեսակետից Խ. մ. ընդունված է բաժանել երկու խմբի՝ թեքվող և չթեքվող: Հայերենի համար այս բաժանումը պայմանական է այնչափով, որ չափով բուն թեքվող Խ. մ. են գոյականը, բայը, ինչպես և դերանունների մի մասը, ածականը և թվականը, որոնք համարվում են թեքվող, հոլովվում են միայն Փոխանվանական կիրառության դեպքում (լավը, լավից, երեքից, երեքով ևն), իսկչթեքվող համարվող Խ, մ., թեև իրենցբուն կիրառության դեպքում չեն թեքվում, բայց մետալեզվում (որպես գործառական-իմաստային Փոխանուններ) կարողեն հոլովվել (եթե-ից, բայց-ով, ըստ-ի ևն):
Ս. Աբրահամյան
