Jump to content

ՀՍՀ/ԾԱԿՔԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱԿՔԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Ծակքար գետի ձախ ափին, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս-արևմուտք: Ոչխարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիմնադրել են Մուշից եկածները, 1828-ին: Ծ-ում և նրա շրջակայքում կան բնական կամուրջ, եկեղեցի (վերակառուցված՝ XIX դ.): Ծ-ից հս-արմ., Բախտակ գետակի ափին, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի բնակատեղի, որի մոտակայքում բացվել են կարասային թաղումներով քարարկղային դամբարաններ: Գյուղի հս. մասի գերեզմանոցում գտնված միջնադարյան նյութերը թույլ են տալիս ենթադրելու, որ VII—VIII դդ. այդ տարածքում եղել է խոշոր բնակավայր: 1957-ին Ծ-ում գտնվել է Արտաշես Ա-ի սահմանաքարերից մեկը: